Վարդան Այվազյանը հիշեց «վռիկ ապուրի» անեկդոտը (տեսանյութ)
«Մեկումեջ որ խոսում եք, խոսեք այն մասին, ինչը վերաբերում է նյութին»,-ԱԺ-ում քննարկվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի շրջանակում նշեց հարակից զեկուցող Վարդան Այվազյանը: Թե պետական բյուջեի վրա ինչ ազդեցություն կունենա պետական տուրքի փոփոխությունը, սա պարոն Այվազյանին անեկդոտ հիշեցրեց. «Մեկն ասում է՝ ի՞նչ ես կերել, ասում է՝ հեչ: Ասում է՝ բա դո՞ւ ինչ ես կերել, ասում է՝ վռիկ ապուր: Ասում է՝ բա դա ուտելո՞ւ բան է, նա էլ ասում է, թե չեղավ, չեղավ՝ հեչի չափ է՞լ չեղավ: Օբսիդիանից մինչև հիմա պետական տուրքը պետական բյուջե եղել է զրո: Գրված է՝ կիսագունագեղ, թանկարժեք քարեր: Հիմա մենք ասում ենք՝ օբսիդիանի շահագործումը, որպեսզի ունենանք օրինական փաստաթուղթ, պարզապես պետական տուրքը դարձնենք սովորական պեռլիտի, բազալտի պես»: Պարոն Այվազյանը նշեց, որ այս ոլորտը չափազանց կարևոր է մեր երկրի համար: «Չնայենք այս ոլորտին՝ որպես խորթ զավակի: Որևէ մեկը չի ուշաթափվում, որ այդ օբսիդիան հանքավայրը միայն իրենը լինի. գնացեք դուք էլ մշակեք: Երևան-Սևան մայրուղու վրա էլ կա, գնացեք, մշակեք: Ով ուզում է, թող գնա, վերցնի. մոխրաման կսարքի, գրիչ կսարքի, խաչքար կսարքի, թող տանի՝ վաճառի»: