Բացառիկ դրական վիճակ է ստեղծվել. Արա Պապյան (տեսանյութ)
Ըստ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի՝ մեր երկրի համար ներկայումս բացառիկ դրական վիճակ է ստեղծվել՝ արտաքին քաղաքական առումով: «Հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների այս սրման պայմաններում մենք կարող ենք մեր շահերն առաջ տանել: Սակայն ներքին ծանր վիճակը թույլ չի տալիս օգտվելու այդ և այլ հնարավորություններից»,-շեշտեց նա: Պարոն Պապյանը կարծում է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունները գնալով էլ ավելի կսրվեն, սակայն դասական իմաստով պատերազմ չի լինի: «Կընթանան ածանցյալ պատերազմներ, երբ ուժերը երրորդ երկրների տարածքում են իրականացնում գործողությունները»: Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, այն կոչերը, որ Հայաստանը չպետք է միջամտի, ճիշտ է, սակայն գործնականում՝ անհնար: «Ռուսական ռազմաբազա կա այստեղ, և հնարավոր չէ, որ մեր երկիրը մասնակցություն չունենա: Մյուս կողմից, Թուրքիան ինքը մեզ չի ընկալում որպես չեզոք կողմ: Միևնույն է՝ մեզ միշտ մեղադրելու են՝ որպես Ռուսաստանի դաշնակից, Ռուսաստանին պաշտպանող»: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նաև ընդգծեց, որ այսօր Նախիջևանի վերահսկման հարցը կենսական նշանակություն ունի մեզ համար: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում քայլեր կատարելու առումով հարմար ժամանակ է: Սակայն այն, որ երբեմն խոսվում է միջին լուծման գնալու մասին, դրական չէ. «Միջին լուծումն էլ նշանակում է՝ պետք է ինչ-որ բան զիջել»,-նշեց պարոն Պապյանը: