«Իշխանության ներսում խոշոր ներկրողներ են»
ԵԱՏՄ հարկային հարցերի խորհրդատվական կոմիտեի՝ մարտին նախատեսված նիստի օրակարգում թե՛ ավտոմեքենաների, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցեր են քննարկվելու: Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատ ձեռներեց Կամո Մարությանը հույսեր չի կապում այս նիստի հետ. «Մեր իշխանությանն ինչպես ձեռնտու է, այնպես էլ անում է: Իշխանության ներսում գտնվող մարդիկ, որ խոշոր ներկրողներ են, ներքին պայմանավորվածություն ունեն նույն Ռուսաստանի հետ՝ առևտրաշրջանառության հետ կապված: Եվ իրենց համար ձեռնտու են պայմանները, բայց դա չի վերաբերվում հասարակ քաղաքացուն»: «Խաբում են մարդկանց, ի՞նչ 20 տոկոս ԱԱՀ: ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում՝ Ղազախստանում, Բելառուսում չկա նման բան, որ Ռուսաստանից մեքենա ներմուծելիս՝ երկու անգամ հարկ վճարեն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Պարոն Մարությանը ասում է՝ Հայաստանում հաշվի չեն առնում, որ բնակչության մոտ ծանր վիճակ է և մեքենաները չեն վաճառվում: «Իսկ այս պայմաններում իրենք նպաստում են արտագաղթին: Ժողովուրդը ստիպված վերցնում է ճամպրուկն ու հեռանում»: