Հովիկ Աբրահամյանը՝ նորաձեւության ցուցադրությանը
Այսօր Մեգերյան կարպետի ցուցասրահում կայացավ Տերյան մշակութային կենտրոնի՝ «Անցյալի ապագան» խորագիրը կրող հավաքածուի ցուցադրությանը, որին ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և մի շարք նախարարներ:
«Ա1+»-ի հետ զրույցում Տերյան մշակութային կենտրոնի մենեջեր Անի Մարգարյանը նշեց, որ հավաքածուն, որն իրենից ներկայացնում է արդի զգեստներ՝ հին հայկական գորգերի զարդանախշերով, կազմված է 40 կտորից, որոնք ունեն իրենց համապատասխանեցված զարդերը: Դրանց հեղինակը Արփի Ավդալյանն է:
«Շատ արագ ենք աշխատել, ամբողջ հավաքածուի ստեղծումը տեւել է մոտ մեկ ու կես ամիս: Ակնկալիքները մեծ են, ցուցադրությունից հետո կերեւա, թե ինչպիսի արձագանք կունենա: Սկզբնական որոշել ենք հավաքածուի զգեստները վաճառքի հանել Մեգերյան կարպետի խանութներում եւ Տերյան մշակութային կենտրոնում»,-ասաց Անին՝ հավելելով, որ իրենք կոմերցիոն նպատակ չեն հետապնդում, այլ փորձում են ստեղծել նորաձեւության միտում: Նրա խոսքով՝ «Անցյալի ապագան» հավաքածուի զգեստների գինը կլինի մատչելի՝ սկսած 5 հազար դրամից մինչեւ 60 հազար դրամ: