ԱԺ արտահերթ նիստը՝ առանց Գալուստ Սահակյանի (տեսանյութ)
ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է (բժշկական տերմին), ինքնազգացողությունը շատ լավ է: Սակայն այս պահի դրությամբ նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո: «Դեռևս դուրս գրման որոշում չի կայացվել: Հիշեցնում եմ, որ Գալուստ Սահակյանը դուրս կգա հիվանդանոցից, երբ բժիշկները համապատասխան որոշում ընդունեն: ԱԺ նախագահը ստանում է դեղորայքային բուժում»,- գրել է Ա. Բաբայանը: Այսպիսով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին, գումարվելիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին ներկա չի լինի ԱԺ նախագահը։ Հիշեցնենք, քննարկվելու են կառավարության կառուցվածքի փոփոխությանն առնչվող հարցեր։