Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկը թռավ ու ասաց՝ զզվել ենք ձեզնից». ԼԳԲՏ ակտիվիստ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
OTMGOqdyRa8

Փետրվարի 15-ի երեկոյան Երևանի Մոսկովյան փողոցում երեք անձի կողմից հարձակման է ենթարկվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 5 ակտիվիստ։ «Մեկը թռավ ու ասաց դե արդեն զզվել ենք ձեզանից, հայհոյանք տվեց ու սկսեց տղաներից մեկին հարվածել։ Ուժեղ խփեց բռունցքով կամ արմունկով ու սկսվեց քաշքշոց, կռիվ»,- պատմում է դեպքի ականատես Ռիմա Սարդարյանը։ Բռնության հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ակտիվիստներից մեկը։ 22-ամյա Ռիման, չնայած կարողացել է խուսափել ուղղակի հարվածներից, սակայն բռնությունն անհետևանք չի մնացել։ «Երեք օր է՝ չեմ կարողանում գիշերները քնել, ներվերից ամբողջ մեջքս ձգվում է, չեմ կարողանում ոչ մի բանի վրա կենտրոնանալ։ Դող է մեջս անընդհատ, ով կողքովս անցնում է, թվում է՝ հետևում է»։ Հարձակում իրականացրած անձանց ակտիվիստները չեն ճանաչել, բացառում են նաև բռնարարքի իրականացումը անձնական հողի վրա։ Դեպքի հաջորդ օրը բռնության ենթարկված ակտիվիստն օգնություն ստանալու նպատակով հիվանդանոց է այցելել, սակայն այստեղ էլ բժիշկներն են անբարեհաճ գտնվել։ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը նշում է. «Բուժզննում են արել, բայց այդ բուժզննումը կարծես թերի է եղել ու հեղեղված ծաղրանքով, վատ վերաբերմունքով։ Հետո ասել են՝ ուզում ես արի արյան անալիզ վերցնենք, տեսնենք՝ ինչ շեղում ունես շեղումներդ բուժենք»։ Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության անդամը պնդում է՝ Հայաստանում դժվարությամբ են բացահայտվում սեռական հիմքով բռնությունների դեպքերը, և ինչպես այս, այլ դեպքերում նույնպես ոտիկանությունն ամենևին ջանք չի գործադրում բռնության իրականացնողներին բացահայտելու համար։ «Դեպքից անցել է արդեն երեք օր ու ոստիկանությունից չեն ուղարկում դատաբժշկական փորձաքննության, երևի թողնում են՝ ամեն ինչ վերանա, հետո անցնի ասեն բան չկա։ Միգուցե այդ տարածքում նկարած տեսախցիկների տեսագրությունը վերացնեն»,- ասում է Մամիկոն Հովսեփյանը։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ կատարվում է հետաքննություն։