Մեզ եկող հաղորդագրություններն անօրինական են (տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակները անձնական տվյալների խախտում համարվո՞ւմ է, թե ոչ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը չի կարող վերջնական գնահատական տալ: Սակայն մի բանում համոզված է՝ առաջիկայում հնարավոր է քննարկվի՝ ԿԸՀ ցուցակներից օգտվելու կարգը: «Այն նպատակի համար, ինչի համար այս անձնական տվյալները մշակվել են եւ օգտագործվում են, այդ նպատակի համար չեն օգտագործվում, օրինակ լրագրողների կողմից: Դրանք ստեղծվել են ընտրական գործընթացի թափանցիկության, արդարության ապահովման նպատակով, մինչդեռ օրենքի համաձայն, այն նպատակով ինչի նպատակով մշակվել է անձնական տվյալը, բացառապես այդ նպատակի համար պետք է օգտագործվի»,- ասաց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը: Գործակալությունը տեսահսկման առումով էլ կարգավորումներ է առաջարկել և սպասում է քաղաքացիական հասարակության արձագանքին: «Ենթադրենք տեսախցիկը դրված է, որպեսզի տվյալ տարածքում գույքին կամ անձանց պատճառվող վնասը կանխվի, ուրեմն պարտադիր պետք է այդ նպատակով օգտագործվեն այն տեսագրությունները, որոնք արդեն հավաքված են: Չի կարող այդ նպատակով օգտագործվել տեսագրությունը օրինակ տվյալ աշխատակցին կարգապահական տույժի ենթարկելու նպատակով, որ աշխատանքի ուշ է եկել, որովհետեւ այդ տեսախցիկն այդ նպատակով չէր տեղադրվել»: Գործակալությունը աշխատում է նաեւ վերացնել բջջային կամ ֆիքսված հեռախոսահամարներն առանց տիրոջ համաձայնության եւ իմացության գովազդային եւ առեւտրային նպատակներով օգտագործելը: « Ամեն օր տասնյակ հաղորդագրություններ ենք ստանում մեր հեռախոսահամարներին, որով առաջարկում են մեզ ամենատարբեր ծառայություններ, ապրանքներ եւ այլն: Սա անօրինական օգտագործում է մեր անձնական տվյալի, օրենքը այս մասին կոնկրետ կարգավորում չի առաջարկում, մենք ուղեցույց ենք մշակում»,- ասաց Շուշան Դոյդոյանը: