Պաշտոնները չե՞ն կարողանում բաժանել (տեսանյութ)
«Որեւէ մեկը երբեւէ հայտարարե՞լ է, որ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքական գործընթացներից» . այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի վերջին ելույթից տպավորություն է ստեղծվում, թե 2018 թվականին նա չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։ «Որեւէ մեկի կողմից երբեւէ նման բան չի ասվել, եւ նման սպասելիքներ որեւէ մեկը չպետք է ունենա»,-ասաց պատգամավորը։ Հարցին, թե ինչու է ձգձգվում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան, եւ չի՞ նշանակում դա, արդյոք, որ չեն կարողանում պաշտոնները բաժանել, Գագիկ Մելիքյանը նշեց, որ ՀՅԴ հետ բանակցությունները շարունակվում են, որի ձեւաչափի մասին կհայտարարվի առաջիկայում։ «Դաշնակցությունն իր համար նպատակ էր հետապնդել սահմանադրական բարեփոխումներին օժանդակելը, եւ նրանց կողմից բավականին լուրջ առաջարկներ ընդունված են նոր Սահմանադրության մեջ։ Դաշնակցությունը պատասխանատու է սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման համար»,-ասաց նա՝ հավելելով, որ պաշտոնների տրամադրումը նախագահի ելույթի համատեքստում համարում է տասներորդական հարց։