Զ. Փոստանջյանի հարցը ՀՀԿ թեկնածուին (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր օմբուդսմենի ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին հարց տվեց Զարուհի Փոստանջյանը. «Կարո՞ղ եք մի դեպք նշել, երբ մանավանդ լինելով Իրավաբանների միության անդամ, հրապարակային հայտարարությամբ եք հանդես եկել, որ մեր երկրում մարդու իրավունքների խախտումները բազմաթիվ են՝ մարտի մեկի զոհերի ու շատ այլ անձանց մարդու իրավունքների խախտումները: Խնդրում եմ նշել մի դեպք: Բա, ձեզ չէ՞ր հետաքրքրում, որ կան մարդիկ, որոնք հալածվում են իրենց հայացքների համար: Օրինակ՝ Գեւորգ Սաֆարյան, եւ էլի իրադարձություններ, որոնք անտարբեր չեն թողնում հանրությանը: Բա, դուք չե՞ք վերլուծել այդ ամենը՝ որպես քաղաքացի»: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց. «Տիկին Փոստանջյան, դուք որպես օմբուդսմենի թեկնածո՞ւ, թե պատգամավոր եք հարց հնչեցնում: Ոչ հավասար դիրքերում եք գտնվում»: «Դուք հերիք է խնդիրներ հարուցեք: Եթե գտնում եք, որ իմ հարցը սխալ է, կարող եք դիմել դատարան»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: «Դուք սխալ հարց եք տալիս, եւ անցնում եք ձեր իրավասությունները»,- հայտարարեց Հովհաննես Սահակյանը: Իսկ Արման Թաթոյանը հայտարարեց, որ ԱԺ իր ելույթները, գիտական հոդվածները վկայում են, որ իրեն ամեն ինչ հետաքրքրում է. «Մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ինձ հետաքրքրում են: Եթե ես հիմա գնահատական տամ, պրոֆեսիոնալ առումով կարող է արժանահավատ չլինել»: Զարուհի Փոստանջյանը նախ հայտարարեց, որ Արման Թաթոյանը չպատասխանեց, խուսափեց իր հարցից, ապա ավելացրեց. «Դուք խուսափեցիք բանավեճի մասնակցելուց. եթե ձեզ այդքան հետարքրքում էր, դուք որպես թեկնածու կարող էիք կարծիք հայտնել: Ակնհայտ է, որ դուք գտնվում եք իշխանության ենթակայության տակ ու կատարողի դիրքում եք: Իսկ Եվրադատարանում կատարել եք իշխանության ապօրինի գործունեության փաստաբանի դեր: Ձեր պատճառով եվրադատարանում շատ գործեր հետ են ընկել քննարկումից: Որպես պետության ներկայացուցիչ՝ խափանել եք, նպաստել եք, որ ՀՀ-ում մարդու իրավունքները շարունակեն խախտվել, նպաստել եք, որ մարդիկ մնան բանտախցերում՝ իրենց քաղաքական հայացքների համար»: Հովհաննես Սահակյանն ամեն կերպ փորձում էր պաշտպանել Արման Թաթոյանին. «Քաղաքական հարցերին չպատասխանեք»: Իսկ իր հերթին Արման Թաթոյանն ասաց, որ Եվրադատարանում մեր երկիրը որեւէ առնչություն չունի գործերի ժամանակացույցի հետ, քանի որ դա գաղտնի է: Եվրադատարանում ոչ միայն իրավապաշտպան, այլեւ փաստաբանական գործունեություն է իրականացվում: Որեւէ վճռի տապալման իրավասություն չենք ունեցել»: