ՀՀԿ ՄԻՊ թեկնածուն շրջանցեց քաղբանտարկյալների մասին հարցը (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր օմբուդսմենի ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքը ընտրելու է երկխոսության ճանապարհը. «Պետք է պետական մարմինների հետ համագործակցել, հետադարձ կապ ունենանք: Պետք է քննադատություններ հնչեցնի օմբուդսմենը, սակայն ոչ ինքնանպատակ, այլ լինի օգնական, օժանդակող կառույց պետական կառույցների համար, որ կանխարգելվեն համակարգային բնույթի խնդիրները»: Արման Թաթոյանին հարց տվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը. «Դուք ձեր տեսլականում որեւէ բառ չասացիք քաղաքացիական հասարակության եւ ՀԿ հետ աշխատանքի մասին: Սա արդեն մտահոգիչ ազդակ է: Պատահաբար մոռացա՞ք, թե ձեր աշխատանքում չեք նախատեսում: Նաեւ ուզում եմ իմանալ՝ Եվրադատարանում Չիրագովի գործի վերաբերյալ ձեր գնահատականը, քանի որ դուք ՀՀ պետության ներկայացուցչի տեղակալ եք եղել: Ուզում եմ իմանալ նաեւ ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ խոշտանգված հովվի մասին, որի համար չդիմեցիք պատշաճ պահի Եվրադատարան, միայն հիմա ենք մտածում այդ ուղղությամբ»: Արման Թաթոյանը վստահեցրեց, որ իր ելույթում անընդհատ շեշտել է, որ մինչ այս պահը կատարած աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ է արել: Ինչ վերաբերում է Մանվել Սարիբեկյանին, ապա այն չափազանց կարեւոր գործ է՝ կար անհատական գանգատ, եւ ՀՀ-ն պատշաճ կերպով երրորդ կողմ է ներկայանալու: Չիրագովի գործի հետ կապված առանձնահատկությունները շատ են, որոնք հետագայում կքննարկենք»: Հանձաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կոչ արեց հարցադրումները ուղղել միայն օմբուդսմենի գործառույթների հետ կապված, այլ ոչ թե Արդարադատության նախարարության հետ կապված: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով, նկատեց. «Դուք ձեր ելույթում ասացիք, որ ձեզ վեր եք դասելու օրենսդիր մարմնից, այսինքն՝ տրամադրվածության խնդիր կա՞: Նաեւ ուզում եմ իմանալ՝ ըստ ձեզ, ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ կամ քաղաքական հետապնդում: Բացի այդ, ուզում եմ իմանալ՝ ընտրվելու պարագայում ՄԻՊ բյուջեի հետ կապված փոփոխություններ ներկայացնելո՞ւ եք»: Արման Թաթոյանը պարզաբանեց իր ասելիքը. «Ես նկատի ունեի՝ օմբուդսմենը չի մտնում ոչ օրենսդիր, ոչ գործադիր, ոչ էլ դատական իշխանությունների ոլորտներ: Հիերարխիա նկատի չեմ ունեցել, այլ դրանց մեջ չեմ լինելու: Որպեսզի գնահատենք ու հետեւություն անենք՝ կա ՀՀ-ում քաղբանտարկյալ, թե ոչ, պետք է ԵՄ չափանիշները նկատի ունենանք: Պետք է հաշվի առնենք՝ ազատությունից զրկելու խտրական վերաբերմունք եղել է, թե ոչ: Կոնկրետ անձի քաղբանտարկյալ համարել, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել, քանի որ չեմ տիրապետում ինֆորմացիային: Այս պահին իրավասու չեմ ու չեմ կարող գնահատական տալ: Ծանոթ չեմ օմբուդսմենի բյուջեի կառուցվածքին. եթե անհրաժեշտություն լինի, կներկայացնեմ բյուջեի ավելացման-պակասեցման մասին պատճառաբանություններ»: Տիգրան Ուրիխանյանը նաեւ հետաքրքրվեց. «Եթե ընտրվեք օմբուդսմեն ու այն թիմի անդամներից որևիցե մեկը, որը առաջադրել է ձեր թեկնածությունը, խախտի որեւէ իրավունք, պատասխանատվության ենթարկելո՞ւ եք, թե ոչ»: «Դա բացարձակապես նշանակություն չունի. իմ բարոյական սկզբունքներով ես կարող եմ անկաշկանդ լինել»,- վստահեցրեց Արման Թաթոյանը: