Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՅԺՄ ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԻ ՄԻԱՅՆ ԳՈՒՅՔԸ

Մարզեր

Տնակային պայմաններում գործող Գյումրիի առաջին եւ երկրորդ երաժշտական դպրոցները միավորվելու են, եւ գործելու են երկրորդ երաժշտական դպրոցի նորակառույց շենքում: Օպտիմալացման գործընթացն առաջիկա ամիսներին կընթանա միայն գույքային մասով:

Տնակներից նորակառույց կտեղափոխվեն երաժշտական գործիքներն ու սեղան-նստարանները: Գույքի տեղափոխությունից հետո երկու դպրոցներն առանձին գործելու են մեկ հարկի տակ՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը: Նոր ուսումնական տարում նոր կառույցը կտնօրինի երկու դպրոցների նախկին տնօրեններից մեկը, քանի որ ըստ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արա Պապանյանի, նույն շենքի մեջ երկու տնօրենի համատեղությունը դժվար է: Թե տնօրեններից ով է լինելու առաջատարը, դեռեւս հստակեցված չէ: Քաղաքապետարանի պատասխանատուն, սակայն, վստահ է, որ ղեկավար աթոռը հանձնվելու է առանց պայքարի: Միայն թե, նոր տնօրենը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, մասնավորապես, լինի պրոֆեսիոնալ:

Այսինքն` տարիներ շարունակ տնակներում աշխատած երաժշտական դպրոցների տնօրենները քարաշեն կառույցի տնօրեն դառնալու համար հատուկ արհեստավարժություն պիտի ցուցաբերեն, եթե չունեն էլ, հասցնեն մինչեւ նոր ուսումնական տարի նորույթը յուրացնել: Մանկավարժների մնալ-չմնալն էլ ուղղակիորեն կախված է աշակերտներից: Ըստ Արա Պապանյանի, եթե աշակերտների թիվը կրճատվի, ուսուցիչներինն էլ կկրճատվի, ավելանա՝ ուսուցիչներն էլ կավելանան: Մնում է աշակերտները հիշեն հին ու բարի օրերը, ուսուցիչների ջանքերն ու պարտաճանաչ ձեւով հաճախեն երաժշտական դպրոց: Այլապես, եթե տնօրենի ընտրության հետ իրենք որեւէ առնչություն չունեն, ապա օպտիմալացմանը հատուկ մանկավարժների կրճատումները կլինեն իրենց մեղքով:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ