«Ամենալարված պահերին արտգործնախարարը կամ Ինդոնեզիայում է, կամ Կոնգոյում» (տեսանյութ)
ՍԴՀԿ վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի ընդունումը համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ արտաքին քաղաքականության հարցում ՀՀ իշխանությունները շատ անելիքներ ունեն՝ «սկսած Էդվարդ Նալբանդյանի վախվորած քաղաքականությունից»: Ըստ Նարեկ Գալստյանի՝ արտգործնախարարը երբեւէ չի արձագանքում սահմանին տիրող լարված իրավիճակին. «Այսօր էլ սահմանին զոհ ենք ունեցել: Ամենալարված ժամանակահատվածում, երբ զոհեր ենք ունենում, նախարարը կամ Ինդոնեզիայում է, կամ Կոնգոյում»: Անդրադառնալով ընտրական նոր օրենսգրքին՝ Նարեկ Գալստյանը նշեց, թե դա իրենց համար մութ անտառ է, քանի որ իրենց կուսակցությունն ԱԺ-ում ներկայացված չէ, բայց իրենք կաշխատեն մասնակցել բոլոր քննարկումներին: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ կոալիցիա կազմելու լուրերին, ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ դա ՀՅԴ գործն է. «Եթե երկրում համակարգային փոփոխություն չի իրականացվում, ապա այդ կոսմետիկ փոփոխությունները որեւէ դրական արդյունք չեն տա: Իշխանությունների տրամաբանության փոփոխություն է անհրաժեշտ»,-եզրափակեց նա: