«Վերջը Սեւանն ենք տալու որպես գույք՝ պարտքի դիմաց» (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցներին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով ԱԺ լիագումար նիստում քննարկված վարկային համաձայնագրերից, ասաց, որ երկրում էլ բան չի մնացել, որ գույք պարտքի դիմաց տանք. «Վերջը Սեւանն ենք տալու գույք՝ պարտքի դիմաց: Գրավի առարկա է նաեւ հայ ժողովուրդը»: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր խոսքում անդրադարձավ 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին եւ նշեց, որ ՀՀԿ-ն վախենում է խոսել այդ մասին, քանի որ իրականում նրանք պարտվել են. «Ցանկացած փաստարկից խուսափում են: Ուզում եք էքսպերիմենտ անենք ու համոզվենք: Սա խոցելի թեմա է նրանց համար, չեն ուզում արտահայտվել ու որոշում են կայացրել հասարակության կարծիքը շեղել, սակայն փախնելու տեղ չունեն»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն քննարկումներին, ապա պարոն Զուրաբյանն ասաց. «Անդրադառնալով կոալիցիոն սերիալին՝ ասեմ, որ շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքի առաջ: Զարմանում եմ՝ ինչո՞ւ են հայտարարում կոալիցիայի մասին, հետո միայն պորտֆելների շուրջ սկսում բանավիճել: Մեզ ներքաշել են այդ սերիալի դիտման մեջ՝ նրանք ամեն օր ամուսնանում են, բանավիճում են, ներում են իրար, հետո նորից են նեղանում: Վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել մեր ժողովրդին: Ես կոչ եմ անում՝ նոր հետաքրքիր սյուժեներ մտածել այդ շարունակվող ռոմանսի մեջ»: Ապա նա ավելացրեց, որ ոչ մի դեմոկրատական երկրում կոալիցիա չի կազմվում ընտրություններից առաջ, այլ լինում է ընտրություններից հետո. «Կոալիցիա կազմում են անհուսալիությունից: Այդ կոալիցիոն մարմաջը սկսվել է հանրաքվեից հետո, քանի որ գիտեն, որ պարտվել են, լեգիտիմության պակասը փոխհատուցում են այդ կոալիցիայով: ՀՅԴ-ն մի կերպ կմտնի ԱԺ՝ հույսը դնելով ՀՀԿ-ի վրա»: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի ընտրությանը, ապա Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ ընտրությունը լրիվ վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից. «Մենք հակված ենք չմասնակցել, սակայն վերջնական որոշումը հետո կկայացնենք: Ես անձամբ կողմ եմ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, եթե գործընթացը կոնտեքստից դուրս նայենք»: