Որոշ պաշտոնյաների պետք է ազատել զբաղեցրած պաշտոններից. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Վերահսկիչ պալատի ներկայացրած ուսումնասիրություններին՝ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների և տարածքային գործակալությունների վերաբերյալ։ «Ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որոնք հնչում էին խորհրդակցության ժամանակ, մեծ մասն անհիմն են»,- հայտարարեց վարչապետը ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց քննարկել ու ուսումնասիրել այս հարցը։ «Ես համոզված եմ՝ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին»,- նշեց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց, որ իր համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումն առ այն, որ բոլոր սոցիալական ծառայություններում իրականացվեն ստուգումներ. «Դա այն ոլորտն է, որտեղ անաչառությունը պետք է անպայման ապահովել, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում»: