«Մի քիչ քիչ կերեք, գործ արեք». բոլոր տենդերները` օֆշորում գրանցվածներին (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի» քննարկմանը ՕԵԿ խմբակացության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր անհանգստությունը հայտնեց ՀՀ արտաքին պարտքի առումով. «Հնարավոր չէ պատկերացնել թե մի քանի տարի հետո ինչպես է մարվելու պարտքը, որը օր օրի տարբեր վարկային ծրագրով ավելացվում է: Մեզ համար հասկանալի դարձավ, որ մայրաքաղաքի մայրուղի ճանապարհների վերանորոգման համար վարակային բեռ են ավելացնում ՝ 112 միլիոն դոլար չափով, ինչը դժվար կացության մեջ է գցելու մեզ: Եթե մենք ուշադրություն դարձնենք արտաքին պարտքին ու եթե սահմանը նման կերպ ընդլայնվի՝տարբեր վարկային ծրագրերով, ապա 7-ից 8 միլիարդի կհասնի ՀՀ արտաքին պարտքը: Ես չգիտեմ, թե որտեղից ենք վերադարձնելու այս պարտքը»: Հեղինե Բիշարյանը պնդեց, որ ճանապարհաշինության ոլորտում գումարներ են լվացվում. «Մեզ մետ մոդա է, որ բազմաթիվ պատրվակներով բազմաթիվ վարկեր են բերում արդեն ոչ միայն ճանապարհաշինության, այլեւ վերանորոգման համար: Նայենք Հյուսիս-հարավ ճանապարհը, որտեղ միլիոնավոր վարկեր ներդրվեցին, սակայն Վերահսկիչ պալատի հաշվետվությունից պարզ դարձավ, որ ծախսերը համաչափ չեն եղել, ատկատի խնդիր կա և այլն»: Պատգամավորը շեշտեց, որ ճանապարհաշինության ոլորտում խնդիր կա որակի հետ կապված, քանի որ ճանապարհների որակը չի համապատասխանում գումարի չափին. «Մեզ մոտ ինչ ամեն 3 տարին մեկ պետք է ճանապարհ վերանորոգենք, դե ասում են ՝թող մի երկու տարի ձգի: Թե որոշ մարդկանց միշտ գործ են տալիս»: Նրա բարկությունը գագաթնակետին հասավ, երբ սկսեց խոսել չարաշահումներից. «Մի քիչ քիչ կերեք, գործ արեք: Բա չասե՞մ դա, լավ եմ անում, ասում: Ի, այ քեզ բան: Պատռվում է բերաններդ, էնքան ասում եք՝ համաչափ զարգացում համայնքների բոլորիդ նախընտրական ծրագրերում, սակայն գործ անելու ժամանակ լափում եք: Ինչո՞ւ եք բոլոր տենդերները տալիս օֆշորում գրանցվածներին: Ամոթ է էլի, հայրենասեր եք էլի, էդ եք դուք: Հայրենասերը դո՞ւք եք, թե՞ այն մարդկանցից, որ չանգռելով փորձում են օրվա հաց հայթայթել»: Հեղինե Բիշարյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լուռ ժպտաց: Նրա լռությունը կարճ տեւեց: Այնուամենայնիվ, նա արձագանքեց, երբ Հեղինե Բիշարյանը, իր տեղը զբաղեցնելիս, բարձրաձայն սկսեց վիճել ՀՀԿ պատգամավորներից ոմանց հետ: «Տիկին Բիշարյան, լռություն, ոչ մի պատգամավորի ասած բացարձակ ճշմարտություն չէ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: