Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերեւը Արարիչ, ներքեւը՝ Մայր Հայաստան. Շարմազանովը հակադարձեց Բագրատյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
5_Sso6JKa-0

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը», որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար: Այն իրենից ենթադրում է Երևան քաղաքում տրանսպորտային ծառայությունների արդյունավետության բարձրացում, տրանսպորտային ցանցի բարելավում: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի ներկայացմամբ՝ վարկն արտոնյալ է, մարման ժամկետը՝ 22 տարի, արտոնյալ ժամկետը՝ 15 տարի: Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նախ հայտարարեց, որ մինչ այս պահը հնչած ելույթները ըստ էության չէին, միայն մեկ-երկու տեղ հնչեց: Նա հատկապես անընդունելի համարեց, որ պատգամավորները խոսեցին հիմնականում մարզերի խնդիրներից՝ քննադատելով, թե միայն մայրաքաղաքին է գումար հատկացվում. «Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երեւանցի, վանաձորցի, գյումրեցի: Ես ալավերդցի եմ, բայց բոլորիս աչքի լույսը Երեւանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Երեւանը վերջին մի քանի տարում չէ, որ դարձել է մեկ ու կես միլիոնանոց»: Ըստ նրա՝ ամենավտանգավորը գավառական մտածողությունն է, որ մայրաքաղաքի շահերը հակադրում են մարզերին. «Դա նույնն է, թե ասես՝ մո՞րդ ես շատ սիրում, թե հորդ: Ընդունում եմ, որ միգուցե համաչափ զարգացում չկա, սակայն կանգնել նման բան ասել ու ասել՝ էդ հիմքով դեմ եմ քվերարկելու, դա անընդունելի է: Ի դեպ, վարկ տալիս են նրան, ով կարող է մարել, դա ասել է Չերչիլը: Ըստ նրա՝ դա խոսում է պետության բարձր վարկանիշի մասին: Չերչիլին մեջբերում եմ, քանի որ գիտեմ՝ հատկապես արեւմտասեր իմ բարեկամների համար նա լուրջ հեղինակություն է: Կարծում եմ՝ այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների առարկա մի դարձրեք: Հորդորում եմ բոլորին՝ կողմ քվեարկել: Կոչ եմ անում նաեւ Երեւանի քաղաքապետարանին՝ ավելի վերահսկելի դարձնել այս ծրագիրը»: Վարկային ծրագրի քննադատներին էլ նա կոչ արեց՝ ոչ թե գալ ու ասել, թե սա վատն է, այլ այլընտրանք ներկայացնել: Պարոն Շարմազանովը նաեւ անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե եղել է Արեւմտյան Հայաստանում ու մինչեւ այդ հատվածը պետք է մտածեինք նաեւ ճանապարհաշինության մասին. «Որպես պատմաբան՝ ես չդիմացա գայթակղությանը, ու ուզում եմ անդրադառնալ մեր հարգարժան պարոն Բագրատյանի խոսքերին։ Կոչ եմ անում՝ դիլետանտական քննարկումների առարկա չդարձնել Արեւմտյան Հայաստանի մասին խոսելը: Վերջում ուզում եմ ասել՝ վերեւը Արարիչ, ներքեւը՝ Մայր Հայաստան»: «Բոլորը խորհրդատու են, սակայն ոչ մեկը պատրաստ չէ խորհուրդ լսել»,- արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: