Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչների ընտրությունն անցավ առանց դիտորդների ու լրագրողների (տեսանյութ)

Քաղաքականություն
hqc

Հատուկ քննչական ծառայության շենքի պատուհանից այն կողմ ընթանում էր  հատուկ գործերով քննիչների թափուր պաշտոնների համար մրցույթը, որին  ներկա գտնվել  չթույլատրվեց լրագրողներին ու դիտորդներին։ Ներս մտնել չհաջողվեց նաեւ  «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության դիտորդներին. նրանք եկել էին, թեեւ ՀՔԾ-ն գրավոր մերժել էր նրանց դիմումը: «Նշել էին, որ ինչպես նաև այլ կազմակերպությւոնների, նրանք հարկ չեն համարում  հրավիրել դիտարկելու մրցույթի գործընթացը, քանի որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում»,- ասաց  «Իրավունքի միավորում» ՀԿ անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Միավորումը բազմիցս փորձել է դիտարկել դատախազների, քննիչների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթները, սակայն այդ մարմինները հակված չեն դրանք անցկացնել դիտորդների ներկայությամբ: «Օրենքը հստակ սահմանում է գործընթացի թափանցիկության և հրապարակայնության պարտականությունը, ուրիշ խնդիր է, որ ՀՔԾ-ն է նշում, որ այդ օրենքի երաշխավորման համար ներքին իրավական ակտեր չկան»,- նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Տիգրան Եգորյանը։ Իրավաբան Տիգրան Եգորյանն իրավապահ մարմինների այս գործելակերպը կոռուպցիոն ռիսկերով է պայմանավորում: «Հիմնական նպատակը՝ հանրությունից գաղտնի պահել հանրային իշխանություն իրականացնող պաշտոնյաների ընտրության և պաշտոնների  նշանակման իրական ընթացակարգերը»: «Իրավունքի Եվրոպան» ՀԿ-ն դիտորդական առաքելություն իրականացնելու մերժման այս դեպքի համար կդիմի դատարան: Տասնյակ նմանատիպ դեպքերով մերժումներն արդեն վիճարկվում են դատարանում: «Համոզված ենք, որ դատարանը կճանաչի մեր իրավունքի խախտումը և գոնե հաջորդ մրցույթները հնարավոր լինի դիտարկել և գնահատել նրանց օբյեկտիվությունը»,- ասում է Տիգրան Եգորյանը: Իրավաբանը համոզված է՝ լեգիտիմ չէ այն պաշտոնյան, ում ընտրությունը կամ նշանակումն ընթացել է առանց հասարակական բավարար հսկողության: