«Միլիցա Մարկովիչին հրավիրել ենք Հայաստան, սակայն նա գնացել է Ադրբեջան»
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այսօր ԱԺ-ում ներկայացրին ձմեռային նստաշրջանում իրենց կատարած աշխատանքների, ինչպես նաեւ՝ քննարկված երկու հակահայկական զեկույցների մասին: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ձեռնպահ կմնա հաղթանակ կամ պարտություն ձեւակերպումներից: Իսկ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Վոլթերի զեկույցը, որը վերաբերում էր ԼՂՀ տարածքներին, Ադրբեջանի հիմնական խաղաքարտն էր եւ որի համար Ադրբեջանը հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ էր ծախսել, ինչը ջախջախվեց. «Հայտնի սովետական ֆիլմ կար՝ «Գնդակը վախենում է քաջից», եւ հարց էր առաջադրվում այդտեղ՝ ի՞նչ պետք է արվեր, եւ պատասխանը մեկն էր՝ պետք էր դիմել միլիցիային: Շատ եղան վերլուծաբաններ, որոնք ասում էին՝ ո՞ւր է մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն: Ուզում եմ հիշեցնել, որ արդեն երկու տարի է՝ ՌԴ-ն բոյկոտում է ԵԽԽՎ աշխատանքները, եւ եթե անգամ հայկական պատվիրակության խաթեր ՌԴ-ն գար Ստրասբուրգ, չէր կարող քվեարկել, քանի որ զրկված է ձայնի իրավունքից»: Նրան զայրացրել էր այն, որ իր իսկ խոսքերով՝ պրիմիտիվագույն խորհուրդներ են տալիս. «Յուրաքանչյուր մարդ իր գործով պետք է զբաղվի: Օրինակ՝ պետք է պարզագույն տեղեկություններ ունենալ, լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ նիստը տեղի է ունենում Բրյուսելում: Կոչ եմ անում՝ պեսիմիստորեն ամեն ինչ չսեւացնենք ու սեւերի ու սպիտակների չբաժանենք»: ԲՀԿ պատգամավոր, պատվիրակության անդամ Վահան Բաբայանը հայտարարեց, որ իրենց աշխատանքը շատ ծանր է եղել եւ այն մարդիկ, որոնք տանը նստած՝ համակարգիչների առաջ, խորհուրդներ էին տալիս, թող գային Ստրասբուրգ, ԵԽԽՎ շենքի մոտ բռնացնեին այդ մարդկանց, հորդորեին՝ ճիշտ քվեարկել, կամ բողոքի ակցիաներ անցկացնեին Ստրասբուրգում: Այն հարցին, թե Միլիցա Մարկովիչը հայտարարում է, թե ինքը փորձել է բազմիցս այցելել ԼՂՀ ու տեղում ծանոթանալ իրավիճակին, սակայն ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով մերժել են, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Հարգարժան տիկնոջը ոչ միայն դիմվել է, այլեւ տարբեր ձեւաչափերով, տարբեր հարթակներում հանդիպել ենք նրան, հրավիրել ԼՂՀ՝ իր ցանկացած ընդունելի պայմաններով, սակայն նա տարբեր պատճառներով հրաժարվել է: Կա նրա հետ ինտերնետային հաղորդագրություն, որը մենք կարող ենք տրամադրել, որը վկայում է այն մասին, որ տիկինը հակված չէր ադեկվատ պատճառաբանություն լսելու եւ գալու: Երկուշաբթի առավոտյան՝ նիստից առաջ, կրկին հանդիպել ենք նրա հետ ու փաստարկներ ներկայացրել, որ ԵԽԽՎ կանոնակարգը նա խախտել է, որ պետք է լիներ ԼՂՀ-ում, սակայն տիկին Մարկովիչը նույն անվրդով տեսքով լսում էր ու ասում, որ այս զեկույցը միեւնույնն է՝ պաշտպանելու է»: Հերմինե Նաղդալյանը նաեւ ավելացրեց, որ թե Վոլթերը, թե Մարկովիչը ունեցել են իրենց նախնական տեսլականը, որ այդ զեկույցները պետք է գրվեն՝ առանց ԼՂՀ այցելելու, ու դա իրենց համար սկզբունքային է եղել. «Ես ուզել եմ դիմել ԼՂՀ իշխանություններին՝ նրանց այցը կազմակերպելու համար, սակայն տիկինը երկու անգամ միայն Ադրբեջան է այցելել»: Իսկ այն հարցին, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասել էր, թե Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը Սարսանգի մասին չէ, ի՞նչ էր ուզում դրանով ասած լինել, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Ճիշտ է ասել, քանի որ խնդիրը քաղաքականացնելու մասին էր. զեկույցում իրականում չէր խոսվում ադրբեջանցի գյուղացիներին ջրով ապահովելու մասին, նման հարցադրումներ չեն եղել, այլ միայն քաղաքական ենթատեքստ»: