Ա. Նավասարդյան. «Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարող է ավելի սրվել» (տեսանյութ)
Հունվարի 29-ին Ժնևում մեկնարկել են միջսիրիական բանակցությունները: Ակնկալվում է, որ այս միջոցառմանը կմասնակցի Սիրիայի ընդդիմության մոտ 35 հոգանոց պատվիրակություն: Հավաքին չի մասնակցում մեր երկիրը, ինչն ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ դրական չէ: «Ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում այս գործընթացին: Մենք Մերձավոր Արևելքի մասնիկ ենք, բայց ինչո՞ւ այնտեղ չենք: Պետք էր դիմել և մասնակցել: Երբեմնի սիրիական մեծ հայկական համայնքից այսօր մնացել է մոտ 8000 մարդ»,-նշեց նա: Պարոն Նավասարդյանը կարծում է, որ ժնևյան բանակցությունները դրական ավարտ չեն ունենա: «Ասադի ուժերին հավաքել և ուղարկել են այնտեղ, որպեսզի տապալեն այդ գործընթացը: Միանշանակ, այս պարագայում հնարավոր չէ գործը գլուխ բերել, քանի որ բացի Ասադից, կա նաև Թուրքիա, Քաթար»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրում հարևան Իրանի դերակատարությանը, գործիչը նշեց. «Չեմ կարծում, որ Իրանը կարող է այդ հարցը կարգավորող լինել: Նույնիսկ Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարող է ավելի սրվել, որովհետև Թուրքիան, որի համար վարդագույն երազանք էր մտնել այդ գործընթացի մեջ, հանդես կգա նոր թափով»: