Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում մի մղձավանջ է, որի համեմատությամբ չէ, որ պիտի գնահատվի ՀՀ-ում տիրող իրավիճակը

Քաղաքականություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

Լևոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում «Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանվածության և դերի ամրապնդում» բանավեճում  Այս հրաշալի զեկույցով Մայլիս Ռեպսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վեհաժողովի ամենագիտակ, սկզբունքային և փորձառու անդամներից է, նվիրված ժողովրդավարության և մարդու իրավունքների սույն Օրրանի հիմնարար արժեքներին: Հայաստանի առումով, ես համաձայն եմ տիկին Ռեպսի այն գնահատականին, որ Ադրբեջանի ծանրագույն վիճակի հետ համեմատ «Հայաստանի և Վրաստանի ակտիվիստները բավականին ազատ գործունեություն են ծավալում»: Բայց Ադրբեջանում մի մղձավանջ է, որի համեմատությամբ չէ, որ պետք է գնահատվի Հայաստանում տիրող իրավիճակը: Եվրոպայի խորհրդի ընդհանուր ստանդարտների տեսակետից Հայաստանի վիճակը ամենևին լավ չէ: Առանց լուրջ բացատրության Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անդրեասյանի` հունվարի 12-ի հրաժարականը հետևեց խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցչի`, ապա երկրի գործող նախագահի կուսակցության գծով տեղակալի և նախարարի կոշտ քննադատությանը: Մարդու իրավունքների պաշտպանը գնալով ավելի ակտիվ էր քննադատում ոստիկանության բիրտ հարձակումները ընդդիմադիր ակտիվիստների վրա, դատական համակարգի անարդարությունն ու կոռուպցիան, բացահայտում էր դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքները և պատրաստվում էր հրապարակել խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց: Պարզվեց, որ Հայաստանում հենց Մարդու իրավունքների պաշտպանն է, որ առաջինը պաշտպանության կարիք ունի: ԵԽԽՎ 1900 Բանաձևի չափանիշների համապատասխան Հայաստանում դեռևս կա 8 քաղբանտարկյալ: Ես կոչ եմ անում Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպե Գալատիին, Մոնիտորինգի Կոմիտեին և հանձնակատար Մուժնիեկսին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի մյուս անդամներին ազատ արձակելու համար:

Հայաստանի կոռումպացված քաղաքական համակարգի ամենամեծ չարիքը շարունակում է մնալ ընտրակեղծարարությունը: Դեկտեմբերի 6-ի Հանրաքվեն ամբողջությամբ կեղծվել է: Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարացնելու համար նախաձեռնված Սահմանադրության փոփոխություններին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությամբ զանգվածաբար ՈՉ է ասել: Խախտումներն ու սպառնալիքները համատարած էին։ Քվեարկության իրական արդյունքը գլխիվայր փոխելու համար կեղծվել է ավելի քան կես միլիոն ձայն: Արդ, մենք հիմա կարիք ունենք Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների կազմակերպություններ և միջազգային հանրության համատեղ ջանքերի, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններին հարգվի Հայաստանի ժողովրդի կամքը: