Զոհված զինվորի հայրը չկարողացավ նամակները հանձնել պաշտոնյաներին
Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Սամվել Շահնազարյանն այսօր Եռաբլուրում այդպես էլ չկարողացավ մոտենալ Սերժ Սարգսյանին եւ Պաշտպանության նախարարին՝ նամակ հանձնելու համար՝ անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին մոտենալ: Նրա որդին՝ Մհեր Շահնազարյանը, զոհվել է 2005թ. Մարտակերտի շրջանում, արիության մեդալակիր է. «Ինքը բուլդոզերավար է եղել ու հարյուրավոր մարդկանց կյանք է փրկել: Նամակով խնդրել էի, որ սոցիալապես օգնեն գյուղին, նկարագրել էի մեր վիճակը: Մեր տան վիճակն ահավոր է, եկել, նկարել են, թողել-գնացել են: Տանն ապրում ենք 12-13 հոգով: Ամեն անձրեւ գալուց ջրհեղեղներ են»: «Ա1+»-ի հետ զրույցում Սամվել Շահնազարյանն ասաց, որ կփորձի նամակը գցել ՀՀ նախագահ նստավայրի եւ Պաշտպանության նախարարության փոստարկղեր. «Կհասնեն տեղ նամակները, թե ոչ, դրա պատասխանը միշտ մնացել է անբավարար»: