«Ես արդեն մարդու իրավունքների պաշտպան եմ». ՀՀԿ-ականը անուններ է հնչեցնում (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը փոփոխված Սահմանադրությամբ պետք է առաջարկեր Էլինար Վարդանյանի գլխավորած մարդու իրավունքների հանձնաժողովը: Սակայն Հանրապետականն ուզում է, որ դա անի պետաիրավական հանձնաժողովը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշում է. «Արդեն որոշված է՝ որոշման նախագիծ կա, մենք քննարկել ենք տարբեր շահագրգիռ անձանց եւ մարմինների հետ»: Հովհաննես Սահակյանը պաշտպանի թեկնածության առաջադրումը պետաիրավական հանձնաժողով տեղափոխելը չի բացատրում Հանրապետականի իշխանությունից դուրս մնացած Էլինար Վարդանյանի եւ հանձնաժողով անդամների մի մասի ինքնուրույն որոշումներով. «Քանի որ մենք ենք քննարկել էս սահմանադրական բարեփոխումների այս նախագիծը, էս առումով կարծես թե որպես կազմակերպչական, կառուցվածքակարգային գործառույթ, վերապահված է կամ որոշել ենք վերապահել մեր հանձնաժողովին, որպեսզի էս իրավիճակում իրականացնել այս գործառույթը»: Որքանո՞վ է սակայն տրամաբանական, որ մարդու իրավունքների հանձնաժողով ունեցող խորհրդարանում պաշտպանի թեկնածությունն առաջադրի պետաիրավական հանձնաժողովը. «Դիտարկում ենք որպես այդպիսին սահմանադրական մարմնի մարդու իրավունքների պաշտպանը որպես... եւ սահմանադրական այս գործառույթները իրականացնող նաեւ որպես մենք հանձնաժողովը, այդքանով նաեւ տրամաբանական է»: Պարոն Սահակյանը չի ուզում անդրադառնալ այն տեսակետին, որ Էլինար Վարդանյանի հանձնաժողովի վրա իշխանություն չունեցող հանրապետականը ուղղակի ուզում է պաշտպանի թեկնածությունն առաջադրել կանխատեսելի հանձնաժողովի կողմից. «Չէ, ընդամենը նուրբ ժամանակաշրջան է եւ պահ է, եւ պետք է մենք որեւէ սխալ թույլ չտանք, որպեսզի հետագայում խոցելի չլինենք»: Ի դեպ, Հովհաննես Սահակյանն իրեն չի դիտարկում պաշտպանի թեկնածուների շարքում. «Արդեն ես մարդու իրավունքների պաշտպան եմ»: Թեկնածուների մասին ինքն էլ է լսել՝ բոլորին էլ լավ է վերաբերվում՝ «Սկսած Ջհանգիրյան Գագոյից վերջացրած Կարեն Բեքարյան, Թեւան Պողոսյան»: Ապագա պաշտպանից, ըստ Հովհաննես Սահակյանի, պահանջվում է լինել լավ մարդ եւ ունենալ հեղինակություն: