Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրանային հենակետեր են դրվել. մարդկանց թեյ ու տաք հագուստ են բաժանում (տեսանյութ)

Հասարակություն
619e49229decf145c2d8ee53c07f9f40

Հունվարի 1-ից առ այսօր ՏԿԱԻՆ ծառայողները 1312 պատահարի են արձագանքել: Դրանցից 402-ը մեքենաների արգելափակման դեպքեր են եղել, մնացյալը՝ ՃՏՊ-ներ, հրդեհներ: Տվյալներն այսօր հայտնեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «Զոհերի թիվը երեք անգամ նվազել է՝ համեմատած նախորդ տարվա»,-շեշտեց նա: Ի դեպ՝ 2015-ին փրկարարները 21.000-ից ավելի ահազանգի են արձագանքել՝ տարբեր իրավիճակներում օգնություն ցուցաբերելով բնակչությանը: «Չի եղել դեպք, որ փրկարարներն իրենք օգնության կարիք ունենան»,-ժպիտով նշեց պարոն Խանգելդյանը: 70 դեպքում իրենք օգնել են նաև Շտապօգնության մեքենաներին՝ հիվանդներին ժամանակին տեղ հասցնելու հարցում: Առատ տեղումներով պայմանավորված՝ այս պահին փակ է Բերդ-Ճամբարակը և Վարդենյաց լեռնանցքը: Մարզային մի շարք ճանապարհներ էլ դժվարանցանելի են: Արդյո՞ք ճանապարհները սպասարկող ընկերությունները պատշաճ չեն մաքրում. «Ես իրավասու չեմ խոսելու այդ մասին, բայց պետք է ասեմ, որ մաքրման աշխատանքները շարունակվում են»,-նշեց ՏԿԱԻՆ աշխատակիցը: Ի դեպ՝ երեք վրանային հենակետեր են դրվել Մարտունի-Նորատուս ճանապարհի 3-րդ կիլոմետրին, Ծիլքար գյուղի մոտակայքում և Սիսիան-Գորիս հատվածում: Սա նորույթ է մեր երկրում. «Վտանգավոր տարածքներից դուրս գալուն պես քաղաքացիներին անմիջապես օգնություն ցուցաբերելու համար է: 600-ից ավելի մարդ արդեն սպասարկվել է այդ վրաններում: Այնտեղ տալիս ենք թեյ, տաք հագուստ»,-ասաց պարոն Խանգելդյանը: