«Լեւոն Արոնյանը բավական հասուն շախմատիստ է». Սմբատ Լպուտյան
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը կարծում է, որ 2016 թվականի Հայաստանի առաջնություններում հաղթեցին արժանիները: «Զավեն Անդրիասյանը բավական լավ մեկնարկեց եւ մինչեւ վերջ կարողացավ պահպանել առավելությունը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը նույնպես վատ չսկսեցին, սակայն նրանք չդիմացան լարվածությանը եւ վերջում տեղի տվեցին: Ինչ վերաբերում է կանանց առաջնության հաղթող Մարիա Գեւորգյանին, ապա նա անչափ վստահ անցկացրեց մրցաշարը եւ ոչ մեկին կասկածելու տեղիք չտվեց» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց անվանի նախկին շամատիստը: Խոսելով Հայաստանի հավաքականների Բաքվի շախմատային օլիմպիադային մասնակցելու հնարավորությունների մասին` պարոն Լպուտյանն ասաց. «Առայժմ ոչինչ պարզ չէ: Դեռ շատ ժամանակ կա վերջնական որոշում կայացնելու համար, մինչեւ ամառ կարող է շատ բաներ փոխվեն: Համենայնդեպս, այս հարցում անչափ կարեւոր է շախմատիստների ցանկությունը: Եթե նրանք իրենց լիարժեք չզգան եւ հրաժարվեն մասնակցությունից, ապա ֆեդերացիան ոչինչ չի կարող պարտադրել նրանց» - ասաց ՀՇՖ-ի փոխնախագահը: Մեր այն հարցին, արդյո՞ք ֆեդերացիան օգնելու է Լեւոն Արոնյանին հավակնորդների մրցաշարին նախապատրաստվելու համար, Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Լեւոնն արդեն բավական հասուն շախմատիստ է եւ լավ գիտի, թե ինչպես է հարկավոր պատրաստվել նման կարգի մրցաշարերին: Ֆեդերացիան վստահում է նրան եւ միշտ էլ ընդառաջ է գնում բոլոր հարցերում: Եթե նա օգնության կարիք ունենա, ապա մենք պատրաստ ենք դրան»: