Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3 մարզի անապահով ընտանիքների թվային ընդունիչ սարքեր չեն տրամադրվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Amalyan-nkar

Անալոգային հեռարձակումն ամբողջ հանրապետությունում դեռևս շարունակվելու է. այս մասին այսօր հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը: «Բոլոր մարզերում անապահով ընտանիքներին թվային ընդունիչ սարքերը տրամադրվել են, բացառությամբ՝ Արմավիրի, Վայոց ձորի և Երևանի: Եթե հաշվի առնենք, որ մոտ 10 օր տևում է յուրաքանչյուր վայրում ընդունիչ սարքերի տրամադրումը, այդ պատճառով դեռևս անջատված չէ անալոգային հեռարձակումը: Այն պահից, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից կստանանք տեղեկատվություն, որ սարքերի բաշխումը կատարվել է, անալոգային հեռարձակումը կդադարեցվի»,-շեշտեց նա: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ 48.732 թվային ընդունիչ սարք է ձեռք բերվել՝ անապահով ընտանիքներին անվճար հատկացնելու համար, որոնցից 2000-ն անհատույց պետք է տրամադրվի ԼՂՀ-ին: Պետությունը սարքերի ձեռքբերման համար 350 մլն դրամ է ծախսել: Մարզային հեռուստաընկերությունների ճակատագիրն ի՞նչ է լինելու. «Դրանք կշարունակեն գործել՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսների մուտքը»,-նշեց պարոն Ամալյանը: Թիրախ ընտանիքներին տրամադրված թվային ընդունիչ սարքերն, ինչպես հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի ղեկավարը, արժեն 7500 դրամ: «Դրանք չինական են: Սարքի համար 1 տարի երաշխիք է տրամադրվում»,-ասաց պարոն Ամալյանը, հավելելով, որ հնարավոր անսարքության դեպքում համապատասխան ծառայությունը հնգօրյա ժամկետում պարտավորվում է վերացնել այն կամ փոխարինել նոր սարքով: Իսկ եթե անապահով ընտանիքին տրամադրված սարքը ոչ թե մեկ, այլ երկու տարի անց խնդիր առաջացնի, ի՞նչ պետք է անի քաղաքացին. «Նոր սարքն արդեն ինքը պետք է ձեռք բերի»,-նշեց պարոն Ամալյանը: