ԱՄՆ-ում աննախադեպ ձնաբուք է. կան զոհեր
ԱՄՆ-ում «Ջոնաս» անունով հզոր ձնաբուքը պատճառ է դարձել 17 մարդու մահվան: Նահանգներում, հատկապես՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել և տեղում է: Անգամ մշտապես տաք Ֆլորիդայի նահանգը զերծ չի մնացել տեղումներից: Այս մասին տեղեկանում ենք Newsru.ru-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը ավտովթարների հետևանքով է, որը պայմանավորված է եղանակային պայմաններով: Տեղական օդերևութաբանները համոզված են, որ ամենահզոր բուքը դեռ առջևում է. «Դա այնպիսի երևույթ է լինելու, որի մասին ծնողները, որպես վատ և ծանր հիշողություն՝ պատմելու են իրենց երեխաներին»,-ասել է ֆլորիդացի օդերևութաբաններից մեկը: Տարերքի պատճառով ԱՄՆ-ի մի շարք քաղաքների օդանավակայաններում հետաձգվել են ավելի քան 4,5 հազար թռիչքներ: Հետաձգվել են նաև բազմաթիվ մշակութային միջոցառումներ, փակվել ռեստորաններ: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին այս օրերին տնից դուրս չգալ: