Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ հակահայկական բանաձևերի ընդունում թույլ չտալու համար
Հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում կքննարկվի հակահայկական երկու բանաձեւեր: Ինչպե՞ս պետք է աշխատի ԵԽԽՎ-ում 4 հոգանոց պատվիրակությունը՝ դրանց ընդունումը թույլ չտալու համար: Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ պետք է հույսը դնել ոչ միայն քվեարկության արդյունքների վրա, այլ մինչ այդ օրը փորձել աշխատել մի քանի ուղղություններով: «Հայաստանի պատվիրակության անդամները պետք է ԵԽԽՎ պատգամավորներին հիշեցնեն Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որով վերջիններս նշել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղավորվում է բացառապես այդ ֆորմատի տրամաբանության մեջ և այն այլ հարթակներ պետք չէ տանել»: Ստեփան Գրիգորյանի պնդմամբ՝ պետք է նաև հետևել, արդյո՞ք Հայաստանի դեմ ելույթ ունեցող պատգամավորները ներկայացնում են ԵԽԽՎ-ում իրենց առաջադրած ֆրակցիաների տեսակետը, թե՞ արտահայտում են զուտ իրենց անձնական տեսակետը: Նա կարևոր է համարում քվեարկության պահին ԵԽԽՎ-ում հայամետ դիրքորոշմամբ հայտնի պատգամավորներին բերել դահլիճ. «Շատ հաճախ նրանք զբաղված են լինում իրենց գործով ու բաց են թողնում նման կարևոր քվեարկությունները»: Հայաստանը կարող է նաև հետևյալ առաջարկությամբ հանդես գալ՝ ադրբեջանցիներին առաջարկել համատեղ աշխատանքներ կատարել Սարսանգի ջրամբարը վերանորոգելու և այն շահագործելու համար: Սա, ըստ պարոն Գրիգորյանի, դա ընդունելի կլինի նաև եվրոպացիների համար: