Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2015-ին Հայաստանից Ռուսաստան 30%-ով ավելի քիչ ապրանք է արտահանվել

Քաղաքականություն
index3

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հրավիրված քննարկմանը փորձում էին ներկայացնել, թե ինչ փորձություններից է փրկվել Հայաստանը՝ անդամակցելով Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը: «ԵՏՄ-ում լինելով՝ Հայաստանն ունեցել է 138 միլիոն դոլարի շահույթ՝ առանց մաքսատուրքի, դեպի այդ կառույցի անդամ երկրներ ապրանքներ արտահանելու շնորհիվ: ԵՏՄ անդամ լինելու պատճառով՝ մեր երկրի տնտեսական ցուցանիշները շատ չեն վատացել»,- պնդում է տնտեսագետ Աշոտ Թավադյանը: 2015-ին Հայաստանն այլ «ձեռքբերում» էլ է ունեցել ԵՏՄ-ի կազմում՝ արտաքին պետական պարտքն է մեծացել: Այսպես՝ մեր դաշնակից Ռուսաստանը անցած տարի մեծ ծավալների հասնող վարկային միջոցներ՝ պարտքով փող է տրամադրել Հայաստանին: Տվյալները բերում է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Մասնավորապես՝ 2015 թվականին կնքված համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանից ստացել է 270 մլն դոլարի պետական վարկ և 30 մլն դոլարի անհատույց աջակցություն, 2015թ. համաձայնագրով՝ Հայաստանն ստացել է 200 մլն դոլարի պետական վարկ՝ ռազմատեխնիկական արտադրանք ձեռք բերելու համար, իսկ ԵՏՄ-ին ապագա տարվա ընթացքում՝ սկսած 2015-ից լիարժեք ինտեգրվելու համար 50 մլն դոլար ծավալով անհատույց աջակցություն է տրամադրվել: Խոսելով ռուսական «աջակցության» մասին, ավելացնենք՝ ըստ նույն աղբյուրի հրապարակած տվյալների՝ Հայաստանին պատքով միլիոնավոր դոլարների հասնող գումարներ են տրվել եվրասիական ուղղություն ունեցող հիմնադրամներ՝ 300 մլն, 150 մլն, 40 մլն... Այստեղ տեղին է հիշել Հայաստանի պետական պարտքի ծավալների մասին, որը հասել է 5.071 մլրդ դոլարի: Մինչդեռ, պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015-ի ընթացքում Հայաստանն իր հիմնական առևտրային գործընկերներից Ռուսաստանի հետ չի կարողացել պահպանել անգամ 2014 թվականի մակարդակը: Դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանումը կրճատվել է  գրեթե 30 տոկոսով՝ պայմանավորված մի կողմից՝ ռուբլու արժեզրկմամբ, մյուս կողմից՝ հասարակության գնողունակության անկմամբ։ Սա նշանակում է, որ արևմտյան տնտեսական պատճամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի զգայուն են եղել Հայաստանի համար, ինչը գուցե այդպիսի ծավալ չենթադրեր, եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չլիներ: Բացի այդ՝ ռուսական իշխանությունները ամենևին էլ առանձնահատուկ դեր չհատկացրին Հայաստանին՝ ճգնաժամային իրավիճակում ներկրումներ անելիս: Չենք էլ քննարկում, թե որքան կլիներ Հայաստանի ֆինանսական օգուտները՝ ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման պարագայում: Հավանաբար՝ ռուսական «մեծահոգության» հետևանք է նաև այն, որ Ռուսաստանը այս տարվա հունվարի 20-ից արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, կաթնամթերքի ներմուծումն իր երկիր։ Արգելվել է նաև Հայաստանից կենդանու ենթամթերքի, այսինքն՝ բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք, ըստ պաշտոնական բացատրության, այս ապրնքները վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ 2015-ին դեպի Ռուսաստան արտահանումների նվազումը ստիպել է հայ գործարարներին ավելի հեռավոր ու ծախսատար երկրներ արտահանել իրենց ապրանքները՝ Չինաստան, Իրաք, ԵՄ երկրներ: Սա թերևս դաս կլինի հայաստանցի գործարարների համար՝ հույսը չդնել ԵՏՄ դաշնակից 170 միլիոնանոց շուկաների վրա, այլ փնտրել ավելի կայուն, արևմտյան պատժամիջոցներից զերծ շուկաներ: