Պերմյակովի դատավարությունը հետաձգվեց
15.03 Ռուսական ռազմաբազայում ընթացող Ավետիսյան ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը հետաձգվեց մինչեւ հունվարի 29-ը: Այսօր դատարանում պետք է ցուցմունք տային տուժողի իրավահաջորդները, սակայն նրանք իրենց այդքան էլ լավ չէին զգում եւ դատավորը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստին կշարունակվի նրանց հարցաքննությունը: Այսօր վկաների հարցաքննության ընթացքում նրանց ձայնը չէր լսվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն էր այդ միջնորդությունը ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այն անձինք, որոնք դեռեւս սույն քրեական գործի շրջանակներում պետք է ցուցմունք տան, հնարավորություն չունենան տեղեկանալու, թե ինչ փաստական հանգամանքների մասին է խոսվել: 14.14 Ավետիսյան ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի դատական նիստի ժամանակ վատացավ սպանված Ավետիսյանների դստեր ինքնազգացողությունը: Այդ ժամանակ գործով վկա Ռիտա Պետրոսյանը ցուցմունք էր տալիս դատարանում եւ ներկայացնում այդ օրվա իր տեսածը: Բժիշկները նրան առաջին բուժօգնություն ցուցաբերեցին: Դատական նիստն ընդմիջվել է, թե երբ կսկսվի դեռ պարզ չէ: Դատարանի դահլիճում այս պահին հարազատներն են եւ Շտապ օգնության աշխատակիցները: Հիշեցնենք, այսօրվա նիստում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներում: