«Տաշիր գրուպ»-ի գալով՝ ՀԷՑ-ից 2,5-ից 3 մլրդ դրամի օգուտ է ստացվել. նախարար (տեսանյութ)
2015 թվականին մեր երկրում 7 մլրդ 798 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրվել: Սա 2014 թվականից ավելի է 0,62 տոկոսով: 1 մլրդ 422 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա արտահանվել է դեպի Վրաստան, Իրան և ԼՂՀ: Այս մասին այսօր հայտնեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ի դեպ՝ 1 մլրդ խոր.մետրից ավելի բնական գազ ներկրվել է Ռուսաստանից: Անդրադառնալով նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նախարարը նշեց. «Սակագների բարձրացումը ոչ ցանկալի երևույթ է, բայց ստիպված գնացինք դրան: Ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ՝ ի դեմս Հայաստանի էլեկտրական ցանցերի: ՀԷՑ-ը թույլ էր տալիս բավականին կորուստներ, ինչը պայմանավորված էր ոչ արդյունավետ կառավարմամբ»: Իսկ նոր սեփականատեր «Տաշիր գրուպ»-ի աշխատանքը պարոն Զախարյանը դրական է գնահատում. «Այս ամիսներին ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել: Եթե նախկինում կորուստները ավելի մեծ էին, այսօր 11,1 տոկոս կորուստ ունենք: Այժմ լուրջ սպասելիքներ ունենք ընկերությունից, ներդրումային ծախսերի ճիշտ օգտագործմամբ կունենանք կայուն համակարգ»: Իսկ համակարգում մինչ այդ գրանցված կորուստների մասով նախարարը շեշտեց. «36,4 մլրդ դրամ այդ կորուստները որ կային, ատոմակայանի և սակավաջրության պայմաններում, դա արդյունք էր ոչ ճիշտ էներգոհաշվեկշռի կազմման: Նախարարության կողմից այդ հաշվեկշռի կազմման նոր կարգ է մշակվել: Այսօր ունենք արդեն էներգահամակարգում վնասների փոխարեն 2,5-ից 3 մլրդ դրամի օգուտներ: Սա վերջին տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումն է»: Էլեկտրաէներգիա արտադրող մի շարք ընկերություններ այժմ բավականին ծանր վիճակում են, քանի որ մոտ 14 մլրդ դրամի առևտրային վարկեր են ձևակերպել: «Նրանց բեռը թեթևացնելու նպատակով Կառավարության, վարչապետի միջնորդությամբ աշխատանքներ տարվեցին Համաշխարհային բանկի հետ: Նրանք համաձայնել են դրանք որպես երկարատև վարկ ձևակերպել»,-հայտնեց պարոն Զախարյանը: Նախարարը նշեց նաև, որ խոցելի խմբերի համար սպառած էլեկտրաէներգիայի դիմաց սուբսիդավորումը կշարունակվեն մինչև օգոստոսի 1-ը: ՌԴ իր գործընկերոջ հետ համաձայնեցված ՀԷՑ-ում անցկացվեց ուսումնասիրություն, որը պարզեց, որ էլեկտրաէներգիայի բարձրացումը հիմնավորված էր: «Իսկ աուդիտի արդյունքները կունենանք փետրվարին և կներկայացնենք հանրությանը»,-վստահեցրեց պարոն Զախարյանը: Հաջորդ տարվա գարնանը ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է՝ կապիտալ նորոգման նպատակով: Նախարարը նշեց նաև, որ ատոմակայանի նոր բլոկն անպայման կկառուցվի: Մինչ այդ գործող ատոմակայանի շահագործումը երկարացվում է մինչև 2027 թվականը: