Հարցրեք ցանկացած մեկին 2015 թ. իր ամենավառ հիշողության մասին, նա կհիշի բացասականը
«2015 թ. գերակշռել են ահարկու հակամարտությունները, սարսափելի ահաբեկչական հարձակումներն ու սաստկացող համաշխարհային հումանիտար ճգնաժամը։ Այնուամենայնիվ, այս տարի մենք ականատես ենք եղել նաև մի շարք խոշոր միջազգային նվաճումների, ինչպես հենց վերջինը՝ Փարիզի կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը»-, գրում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահ Մորգենս Լիքեթոֆտը։ «Բայց որպեսզի այս համաձայնագրերը մեզ մոտեցնեն ավելի խաղաղ, բարգավաճ և կայուն աշխարհի ստեղծմանը, 2016 թ. պետք է լինի գործողությունների և իրականացման տարի»։ Մորգենս Լիքեթոֆտ, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահ Հարցրեք ցանկացած մեկին 2015 թ. իր ամենավառ հիշողության մասին, և նա, ամենայն հավանականությամբ, կհիշի բացասականը։ Որոշ մարդիկ կվերհիշեն մահվան և ավերվածությունների սարսափելի պատմություններ՝ որպես ամբողջ աշխարհում տիրող հակամարտությունների արդյունք և, մասնավորապես, Սիրիայի դեպքերը, որտեղ ավելի քան 250000 մարդ զրկվել է կյանքից, իսկ գրեթե 11 մլն մարդ՝ տեղահանվել։ Մյուսները կմտաբերեն վշտի, վախի և զայրույթի զգացողություններ, երբ կատաղած ծայրահեղականները ողջ աշխարհում հարձակվեցին անմեղ քաղաքացիների վրա, առևանգեցին շատերին՝ ենթարկելով նրանց դաժան սպանությունների ։ Իսկ ոմանք էլ գուցե դեռ մտապահում են պարզ, բայց և անհանգստացնող մի հանգամանք, այն, որ 2015թ. արձանագրվեց որպես ամենաշոգ տարի, կամ որ ամեն տարի ավելի քան 15000 երեխա շարունակում է մահանալ, հիմնականում կանխելի հիվադությունների հետևանքով։ Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, 2015թ. նաև առաջընթացի ու նվաճումների տարի էր։ Օրինակ, 2015թ.-ին էր, որ առողջապահության բնագավառի աշխատակիցներն ու պետական այրերը միջազգային հանրության աջակցությամբ վերջ դրեցին Էբոլա համաճարակին Սիերա Լեոնում, Լիբերիայում և Գվինեայում։ Դա այն տարին էր, երբ ավարտվեց ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ժամկետը, որի արդյունքում 50%-ով նվազեց համաշխարհային մակարդակով ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մարդկանց թիվը։ Եվ դա տարի էր, երբ բանակցություններն, այլ ոչ թե տանկերն օժանդակեցին Կուբա-ԱՄՆ հարաբերությունների բարելավմանը, Իրանի հետ միջուկային գործարքի կնքմանը , Կոլումբիայի խաղաղության հարցերով տարվող բանակցությունների առաջընթացին, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության փոփոխություններին։ Իսկ վերջերս Անվտանգության խորհրդում ստեղծվեց սիրիական հակամարտությունը լուծելու ճանապարհային քարտեզ: Հուսով եմ, որ վերջապես մեզ կհաջողվի զսպել այս սարսափելի հումանիտար աղետը։ Ինքնին, բերված օրինակներից յուրաքանչյուրն էլ մեծ ձեռքբերում է, սակայն ապագայի հանդեպ ամենամեծ հույսն ինձ ներշնչում են միջազգային երեք խոշոր պայմանագրերը, որ ընդունվեցին ՄԱԿ-ի 193 անդամ երկրների կողմից: Սեպտեմբերին աշխարհի ղեկավարները հավաքվեցին Նյու Յորքում՝ ընդունելու մի նոր օրակարգ մարդկանց և մոլորակի համար, ներառված Կայուն զարգացման 17 նպատակներում՝, հայտնի որպես ԿԶՆ (SDGs): Ընդամենը երկու ամիս առաջ այդ նույն ղեկավարները Ադիս Աբեբայում ստանձնեցին մի նոր հանձնառություն ֆինանսավարկային, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների, առևտրի, պարտքի և այլ խնդիրների շրջանակում՝ աջակցելու այդ նպատակների իրականացմանը։ Եվ այս ամսվա սկզբին Փարիզում, հիասթափության այդքան տարիներից հետո, նրանք հաղթահարեցին տարաձայնություններն ու համաձայնության եկան կլիմայի աղետալի փոփոխությունները կանխելու եղանակների շուրջ։ Այս համաձայնագրերի միջոցով բոլոր կառավարությունները հանձն առան իրականացնել երեք կարևոր բարեփոխում մեր աշխարհում։ Նախ, նրանք հանձնառեցին հաղթահարել աղքատության և սովի արմատական պատճառները և ամենուրեք խթանել մարդկային զարգացումն ու գենդերային հավասարությունը։ Երկրորդ, նրանք համաձայնեցին խթանել ընդհանուր բարեկեցությունը՝ անցում կատարելով ցածր ածխածնային, կլիմայի նկատմամբ դիմացկուն տնտեսության, միաժամանակ պաշտպանելով բնական միջավայրը։ Եվ երրորդ, նրանք համաձայնության եկան բարելավել կառավարումը բոլոր մակարդակներում, ստեղծելով ավելի խաղաղ, արդար և ներառական հասարակություններ։ Թերահավատներն, իհարկե, հարցականի տակ կդնեն այս համաձայնագրերն իրականության վերածելու կառավարությունների կարողություններն ու հանձնառությունը։ Բայց ես ոչ միայն հավատում եմ, որ դա կարող է մեզ հաջողվել, այլ, իսկապես, վստահ եմ, որ կհաջողվի։ Թույլ տվեք բացատրել՝ ինչու։ 50 տարի լինելով քաղաքականության ոլորտում, ես երբևէ ականատես չեմ եղել ավելի խորհրդակցական կամ ավելի ներառական բանակցությունների, քան այն բանակցությունները , որ տեղիք տվեցին այս համաձայնագրերին: Եվ արդյունքում այս համաձայնագրերը ունեն իրական քաղաքական ուժ ամենաբարձր հնարավոր մակարդակում։ Նրանք նաև օգնեցին ձևավորել մի համաշխարհային շարժում՝ ուղղված դրական փոփոխությունների ապահովմանը, որն իր մեջ ներառում է քաղաքացիական հասարակության, երիտասարդության, մասնավոր ընկերությունների և շատ ուրիշ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք կլինեն մեզ հետ առաջիկա 15 տարիների ընթացքում։ Ինչպես նաև շատ կառավարություններ և ընկերություններ հավատացած են, որ մեզ անհրաժեշտ փոփոխությունը՝ սկսած Հազարամյակի զարգացման նպատակներից մինչև անսպառ էներգիայի աղբյուրների գնի նվազեցում, ոչ միայն հնարավոր է, այլ արդեն իրականանում է։ Ինչևէ, 2016թ. մենք պետք է օգտագործենք այս խթանը ու ապահովենք մեր նպատակների արագ իրականացումը։ Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր դերակատարների կողմից իրականացվող համաձայնեցված գործողություններ ։ Որպես ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահ՝ դա իմ գերագույն նպատակն է ։ Կառավարություններն, օրինակ, պետք է բացահայտեն և նախատեսեն իրականացնել այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են այս նոր նպատակներին հասնելու համար։ Նրանք պետք է ներդրում կատարեն հիմնական ծառայությունների ոլորտում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտագործել իրենց ներուժը։ Նրանք պետք է ստեղծեն այնպիսի բարենպաստ իրավական և քաղաքական միջավայր, որը կխրախուսի ավելի պատասխանատու սպառում ու ներդրումների աճ կայուն ենթակառուցվածքներում։ Նրանք պետք է ստեղծեն ավելի թափանցիկ և ներառական կառավարման համակարգ, այնպես որ յուրաքանչյուրը վճարի իր մասնաբաժինը, մարդիկ ապրեն ազատության և անվտանգության մթնոլորտում, իսկ հասարակությունները դառնան ավելի համախմբված ու հավասար։ Միջազգային մակարդակում մեզ անհրաժեշտ կլինի ՄԱԿ-ի համակարգը, որը պատրաստ է տրամադրել երկրներին անհրաժեշտ աջակցություն։ Մենք պետք է նաև ապահովենք, որ բացառիկ տնտեսական որոշումներ կայացնող հարթակները, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն, G20-ը և այլն, լինեն ավելի համապատասխանեցված այս նոր օրակարգին։ Խաղաղության և անվտանգության ոլորտում մեզ անհրաժեշտ են փոփոխություններ ՄԱԿ-ում՝ բարելավելու հակամարտությունների կանխման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Կայուն զարգացման նպատակները պահանջում են գործողություններ մասնավոր հատվածի կողմից ևս։ Նրանք պետք է համապատասխանեցնեն իրենց կորպորատիվ գործունեությունը նոր նպատակների էությանը ։ Նրանք կարող են կիրառել իրենց նորարարությունները Կայուն զարգացման նպատակներին հասնելու լուծումներ գտնելու համար, ինչպես նաև համագործակցել կառավարությունների և այլ առանցքային դերակատարների հետ՝ աջակցելու և ֆինանսավորելու նպատակների իրականացումը։ Սա ներառում է գլոբալ ֆինանսական ինդուստրիան, որը ևս պետք է կրի փոփոխություններ։ Կառավարությունները պետք է մասնավոր հատվածի համար ապահովեն կանոնակարգման և հարկման չափանիշներ, որոնք ակնառու կդարձնեն, որ «կանաչ ներդրումը» լավագույն միջոց է ոչ միայն շրջակա միջավայրի և մարդկության ապագայի համար, այլև այն լավագույնն է նաև բիզնեսի համար։ Եվ, ի վերջո, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա առանց քաղաքացիական հասարակության և սովորական մարդկանց կողմից ամենուրեք իրականացվող գործողությունների ու ճնշման։ Հասարակական կազմակերպությունները պետք է ստիպեն կառավարություններին հաշվետու լինել 2015թ. իրենց իսկ կողմից վերցված պարտավորությունների համար։ Բարեգործական հիմնադրամները պետք է նպաստեն Կայուն զարգացման նպատակների իրականացմանը խոչընդոտող հանգամանքների վերացմանը և ավելի արդյունավետորեն աշխատեն կառավարությունների ու այլ դերակատարների հետ։ Իսկ հասարակ քաղաքացիները, երիտասարդներն ու այլ անձինք կարող են օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերջին տարիների անհավանական աճը՝ դառնալով նպատակների իրականացման առանցքային դերակատարներ։ Եթե 2015թ. անհավանական նվաճումների տարի էր, ապա 2016թ. պետք է նախանշի մեր բոլորի կողմից արվող ներդրումների իրականացման պահը, որն անհրաժեշտ է փոխակեպված, ավելի կայուն ու արդար աշխարհ կառուցելու համար։ Ավելին կարող եք գտնել հետևյալ հղումներում.http://www.un.org/pga/70/ http://www.un.org/ sustainabledevelopment/