Երեխայի ծննդյան միանվագ նպաստից այսուհետ կօգտվեն քիչ-քիչ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չհավաստիացրեց, որ անկանխիկ վճարման անցնելու դեպքում նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից մոտ 40 միլիոն դրամ կխնայվի. «Այս տարվա ընթացքում 13 500 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը: Ընթացակարգը տալիս է հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Ի դեպ, այս տարվանից նախատեսված չաշխատող հղիներին տրամադրվող մայրության նպաստները նույնպես կվճարվեն անկանխիկ»,-ասաց նախարարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանության արժանացնելով այս նախագիծն ասաց, որ այն նաեւ կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնի. «Այդ ընտանեկան դրամագլխից այսուհետ կօգտվեն առանց խոչընդոտի, եւ այլեւս այլ ճանապարհով չեն փորձի վերցնել այն»: Արդեն կառավարության նիստից հետո, «Ա1+»-ը հետաքրքրվեց Արտեմ Ասատրյանից, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր կոռուպցիոն ռիսկերի մասին. «Մեր քաղաքացիները փորձում են կանխիկացնել այդ գումարները այլ ճանապարհով, իրենց պատկանող գումարի մի մասն էլ թողնելով այս կամ այն անձին, այս փոփոխությամբ, այլեւս ամբողջ գումարը կպատկանի նրանց»: Ի դեպ, նաև սահմանվել է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները կարող են վճարվել շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Ներկայումս, վերոնշյալ գումարները գրեթե 95 տոկոսով վճարվում են կանխիկ եղանակով, ինչի համար պետբյուջեից վճարվում է 1 տոկոս միջնորդավճար (ծառայությունների վճար):