Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուբլով վարկեր վերցնելը մեր տնտեսությունում ատոմային ռումբի էֆեկտ կունենա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
hakob-hakobyan

Միշտ շահույթ ստացող գարեջրի արտադրությամբ զբաղվող «Կիլիկիա» ընկերությունը, որը արտահանում է հիմնականում ՌԴ, 2015թ. ընթացքում եւս արձանագրել է արտահանման նվազում՝ 16 տոկոս: ՀՀԿ պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ շփվելով իր գործարար ընկերների հետ՝ եկել է այն եզրակացության, որ սա բավականին բարվոք ցուցանիշ է. «Սա իհարկե ռուսական շուկայի գնողունակության հետ է կապված: Բացի այդ, մենք 10 տարուց ավելի է՝ ռուսական շուկայում ներդրումներ ենք արել, եւ այսօր իրավունք չունենք վնաս կրելու պատճառով հետ կանգնել սկսած բիզնեսից: Այդ դեպքում մենք նորից գումարներն ու ավելին պետք է ծախսենք, որ նորից մտնենք ՌԴ շուկա: Մենք հիմա շուկայում կայացած ենք, նախընտրում ենք այսօրվա վնասները մեր օգուտների հաշվին փակել, թեեւ, բնականաբար, օգուտները պակասում են: Եթե շատ լինեն մեր վնասները, բնականաբար, մենք էլ կդադարեցնենք մեր արտահանումը, քանի որ ամենաքիչը 15 տոկոս շահույթ պետք է ունենաս, որ կարողանաս արտադրություն պահես, աշխատեցնես»: Հայաստանից գարեջրի արտահանումը կազմում է ամբողջ ապրանքի ծավալի մոտավորապես 19-20 տոկոսը: Ի դեպ, նախորդ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն էր անցկացրել ճյուղային նախարարությունների ու գործարարների հետ՝ խթանելու արտահանումը: 2015թ. տնտեսական ցուցանիշներով 6 ապրանքատեսակի գծով ունենք արտահանման նվազում, որը հիմնականում պայմանավորում են համաշխարհային տնտեսական ցնցումներով ռուսական ռուբլու անկմամբ: Այդ հանդիպմանը գործարարները ներկայացրել են նաեւ ծրագրեր, որոնք հնարավորություն կտան խթանելու արտահանումը: Հակոբ Հակոբյանն անձամբ է զրուցել Հովիկ Աբրահամյանի հետ ու ներկայացրել խնդրի լուծման իր տարբերակը. «Վերին Լարսի սահմանակետում միշտ մեր մեքենաները օրերով կանգնում են: Այդ խնդիրը պետք է լուծվի: Վարչապետն ինձ ասաց, որ հարցն ընթացքի մեջ է, բանակցությունների փուլում է: Եթե այդ հարցը չլուծվի, մենք խնդիրներ կունենանք արտահանման հետ կապված»: Պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ հայկական ապրանքները մասնավորապես ԵՏՄ ավելի շատ կարտահանվեն ու կորուստներն էլ քիչ կլինեն, եթե անդամ 5 պետություններն անցնեն մեկ միասնական արժույթի. «Թե անունն ինչ կլինի, կարեւոր չէ, կարեւորը նույն արժույթը լինի: Այդ դեպքում մենք կախում չենք ունենա ռուսական ռուբլուց, այլ կվաճառենք այդ արժույթով եւ կորուստներ չենք ունենա»: Խոսվել է նաեւ ռուսական ռուբլով վարկեր տրամադրելու մասին: Որքանո՞վ դա կարող է շահավետ լինել, երբ ռուբլին օրեցօր անկում է ապրում, Հակոբ Հակոբյանը կրկին նշում է միասնական արժույթի ստեղծումը եւ, ըստ նրա, միայն այդ դեպքում ռուսական ռուբլով վարկերը իմաստ կունենան. «Եթե դա չլինի, ապա այսօրվա վիճակում ռուսական ռուբլով վարկեր վերացնելը դա ոնց որ տնտեսությունում ատոմային ռումբ լինի: Միայն արտահանողների ու ՌԴ-ից ներմուծողների համար դա միանշանակ օգտակար կլինի»: