Հայ տաքսիստները Վրաստանից անորակ ու կեղծ դեղեր են ներկրում
ԱԺ կողմից «Դեղերի մասին» օրենքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունումը Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը մեծ հաջողություն է համարում: Լրագրողների հետ հանդիպմանը նա այսօր նաեւ ասաց, որ օրենսդրական փոփոխությունները կկարգավորեն դեղերի շուկան: Իսկ արդյոք կլուծվի՞ նաեւ մենաշնորհների հարցը, պարոն Զաքարյանի վստահեցմամբ՝ ոլորտում չկա մենաշնորհ. «Ունենք ներկրող 43 կազմակերպություն, այսինքն՝ ամեն մի կազմակերպություն, որ ունեն ներկրման այդ լիցենզիաները, իրենք որոշակի պայմանագիր ունեն դրսի այդ արտադրողի հետ: Հիմա,օրինակ, Տամիֆլու դեղը պայմանագիր ունի «Նատալի Ֆարմ»-ի հետ, նա էլ հենց ներմուծում է այդ դեղը: Ինչ վերաբերում է մենաշնորհային դիրքերին, ապա դրանք ոչ թե մենաշնորհային են, այլ խոշոր ներմուծողներն են. կարող է լինել մեկ այլ փոքր կազմակերպություն, որ ներմուծում է միայն մեկ դեղ, սակայն դա չի նշանակում, որ այդ կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի այդ դեղը ներմուծելու, ուղղակի ինքն ունի այդ պայմանագիրը, որն, օրինակ, «Նատալի Ֆարմ»-ը չունենա: Ավելին, տվյալ փոքր կազմակերպությունը կամ անհատը կարող է տվյալ դեղը վաճառել «Նատալի Ֆարմ»-ին՝ որպես մատակարար»: Սամվել Զաքարյանը նաեւ խոսեց հայկական, տեղական դեղերի մասին, որոնք, ըստ նրա, իրենց որակով ու արտադրանքով առավել որակով են. «Մինչեւ տասը անգամ այն կարող է ավելի էժան լինել, քան ներմուծված դեղը: Ինձ մտահոգում է այն, որ Հայաստանում դեռեւս իրականացվում է Վրաստանից ներմուծվող անորակ ու կեղծ դեղերի վաճառքը: Նոր եմ վերադարձել Թբիլիսիից, որտեղ այցելել եմ կայարանի փոքրիկ դեղատուն, որտեղից էլ հենց հիմնականում հայ տաքսիստները ներկրում են այդ դեղերը: Վրաստանից եկող դեղերի քանակը գնալով վախեցնող թվերի է հասել: Մենք տարիներ շարունակ այդ մասին խոսում ենք, սակայն ոչինչ այդ ուղղությամբ չի արվել: Վրաստանից բերվող դեղերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքին. Հայաստան տեղափոխման ժամանակ հիմնականում խախտվում է դրանց պահպանման ժամկետները»: