Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկացածին ցանկացած պաշտոնում կարելի է տեսնել ու չբացառել». ինչ կառավարություն է մեզ պետք (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-safaryan-nkar

«Սահմանադրական մեխանիզմները վատթարացրել են Օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքը և այն կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ»,- համոզված է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նա չի բացառում, որ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը՝ 2016 թվականից որպես մարդու իրավունքների պաշտպան չաշխատելու մտադրության մասին կապված է Սահմանադրության նոր նախագծով նրան վերապահվող լիազորությունների պակասեցման հետ: «Օմբուդսմենը խնդիր ունի՝ պահել նախկինում դրված նշաձողը այն պայմաններում, որ քաղաքական մթնոլորտը դա նրան թույլ չի տալիս: Իսկ քննադատություններ՝ Օմբուդսմենի հասցեին՝ իր լիազորությունները գերազանցելու, քաղաքական հայտարարություններ անելու վերաբերյալ արդեն իսկ բազմիցս հնչել էին»,- ասում է քաղաքագետը: Ստեփան Սաֆարյանն անդրադառնում է նաև ներքաղաքական իրավիճակին: Արդեն իսկ պաշտոնական մակարդակով հնչել է՝ Կառավարության կազմը կրճատելու մասին: «Ապագայի մասին խոսելու համար պետք է նախ հիշել, թե ինչ պայմաններում ձևավորվեց այս կառավարությունը: Դա տեղի ունեցավ ԵՏՄ մտնելուն զուգահեռ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դերը քաղաքական ասպարեզում պայմանավորված է նրանով, թե նա ինչ է արել՝ իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում պահելու համար: Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ այսքան թույլ քաղաքական ընդդիմության պայմաններում անգամ ԱՅՈ-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ այնպես անել, որ հանրաքվեն զերծ մնա սև բծերից»: Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին՝ նավթի գների անկում, դրանով պայմանավորված՝ իրավիճակի սրում Ադրբեջանում, Ռուսաստանում, ինչպես նաև Իրանի վրայից արևմտյան պատժամիջոցների հանում. «Մենք այսուհետ կտեսնենք նոր Իրան, որին չենք տեսել անկախությունից ի վեր: Հայաստանի հարավային դարպասները բացվել են և հարցական է՝ կկարողանա՞ Հայաստանի իշխանությունը դա օգտագործել՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար: Սա կամրապնդի նաև Հայաստանի անվտանգությունը և զարգացման նոր փուլ կարող է դնել»: Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումը մեզ ստիպում է ունենալ դիմացկուն կառավարություն, որտեղ չեն լինի օլիգարխներ և որն իրական աշխատանք կտանի՝ Հայաստանը զերծ պահելու ցնցումներից: Քաղաքագետը դժվարացավ ասել՝ ով կլինի այդ դեմքը: «Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ ցանկացածին ցանկացած պաշտոնում կարելի է տեսնել ու չբացառել»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը: