«Դատախազ աշխատած մարդը իրավապաշտպան չի կարող լինել» (տեսանյութ)
«Երկրում, որտեղ չկա արդարադատություն, որտեղ համակարգային կոռուպցիա է, որտեղ որևէ քաղաքացի պաշտպանված չէ անարդարությունից, իշխանությունների ոտնձգությունից, Մարդու իրավունքների պաշտպանը ևս պաշտպանված չի կարող լինել»,- «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես է մեկնաբանում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ զբաղեցրած պաշտոնից հրաժարական ներկայացնելու ցանկությունը: Ըստ նրա՝ Կարեն Անդրեասյանի այս ցանկությունը կապված է նաև դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրած կեղծիքների դեպքերը բացահայտելու հետ. «Այնքան անիրավություն ունենք մեր երկրում, որ նույնիսկ իշխանության թեկնածուն հակասության մեջ է մտնում նրա առանձին մարմինների հետ»: Իսկ ո՞վ է նրա համար նախընտրելի թեկնածու ՄԻՊ պաշտոնում. «Ավետիք Իշխանյան, Զարուհի Փոստանջյան, Արթուր Սաքունց, այլ արժանի անձինք էլ կան»,- նշում է նա, սակայն դեմ է, օրինակ Հովհաննես Մանուկյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի՝ այս պաշտոնում առաջադրվելու հնարավորությանը. «Դատախազ աշխատած մարդը իրավապաշտպան չի կարող լինել, աշխարհում նման պրակտիկա չգիտեմ: Իրավապաշտպան գործունեությունը պատժիչ գործունեություն չէ, դրա համար չեմ կարծում, որ Գագիկ Ջհանգիրյանի մասին այստեղ կարող է խոսք լինել»: Նույն տրամաբանությամբ նա բացառում է նաև Հովհաննես Մանուկյանի թեկնածության հնարավորությունը. «Նրանք իրավական դաշտի ներկայացուցիչ են, ոչ թե իրավապաշտպան»: