Վահան Շիրխանյանը չի մասնակցում բանտային զբոսանքներին
Դեկտեմբերի 19-ին ձերբակալված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի մասնակցում զբոսանքներին: «Նա առողջական խնդիրներ ունի ոտքի հետ կապված: Նրա ձախ ոտքի երակը հեռացված է, աջ ոտքն էլ երակների խնդիր ունի: Ճիշտ է այնտեղ բժիշկ կա, բայց ամեն պահ հնարավոր են սրացումներ եւ չգիտեմ այդ պայմաններում ինչպես է հնարավոր ապահովվել համապատասխան բուժօգնությունը »,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանն այսօր է այցելել Վահան Շիրխանյանին: Մինչ այս պահը գործով որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց՝ կալանավորումը, ընտրելու միջնորդությունը պաշտպանները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել: Ստեփան Ոսկանյանը տարօրինակ է համարում այդ փաստը: