Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձավ միանձնյա առաջատար

Սպորտ
tur

Երեւանում տեղի ունեցող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն այս տուրում հաղթեց Հովիկ Հայրապետյանին եւ վաստակեց 2,5 միավոր: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ զրկվեցին առաջատարի կարգավիճակից: Նրանց հաջորդում են 5 շախմատիստներ, որոնք ունեն 1,5-ական միավոր: Հանրապետության գործող չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանն առայժմ վատ է հանդես գալիս եւ մեկ միավորով գտնվում է ետնապահների խմբում: Չորրորդ տուրի պարտիաները տեղի կունենան վաղը, հունվարի 15-ին: Մրցաշարի առաջատար Զավեն Անդրիասյանը սպիտակներով կմրցի երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հետ:Մրցաշարային առումով սկզբունքային նշանակություն ունեն նաեւ Հովիկ  Հայրապետյան – Արման Փաշիկյան եւ Նորայր Թորոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան հանդիպումները: Հայաստանի կանանց առաջնությունում գերազանց է հանդես գալիս միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, որը բոլոր երեք տուրերում հաղթանակ է տարել եւ ներկայումս վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա արդեն մեկ միավորով գերազանցում է Սուսաննա Գաբոյանին եւ Արփինե Գրիգորյանին: Վերջինս վաղը սպիտակներով կհանդիպի հենց Մարիա Գեւորգյանի հետ եւ կփորձի կրճատել միավորների տարբերությունը: