Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնամարզիկները սկսեցին մրցաշրջան-2016-ի նախապատրաստությունը

Սպորտ
sport-marmnamarzik

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: «Օրական անցկացնում ենք երկուական մարզում, որոնք հիմնականում ֆիզիկական ընդհանուր պատրաստվածության ուղղվածություն ունեն: Հավաքին մասնակցում է 10 մարմնամարզիկ: Նրանցից չորսը երիտասարդական թիմի անդամ են, ովքեր մեկ շաբաթ հետո իրենց տեղը կզիջեն մյուս չորս երիտասարդ մարմնամարզիկներին», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ծաղկաձորյան հավաքին, որը կավարտվի հունվարի 24-ին, մասնակցում են մեր առաջատար մարմնամարզիկներ  Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական հավաքականից նրանց հետ մարզվում են Արսեն Գասպարյանը, Արթուր Ավետիսյանը, Ժորա Սմբատյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Հակոբ Սերոբյանը ավելացրեց, որ մեր մարմնամարզիկներն այժմ պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 1-5-ը. «Հանրապետության գլխավոր ստուգատեսից հետո կորոշվեն այն մարմնամարզիկները, որոնք կընդգրկվեն Հայաստանի հավաքականի կազմում եւ կմասնակցեն Եվրոպայի այս տարվա առաջնությանը: Մարտի վերջին ավանդույթի համաձայն 4 մարմնամարզիկներով կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկության փուլին», - եզրափակեց փորձառու մասնագետը: