Երիտասարդ արվեստագետները ստեղծագործում են կիսաքանդ, վթարային շենքում (տեսանյութ)
Կիսաքանդ, վթարային վիճակում գտնվող շենքի բնակարանները արդեն մի քանի ամիս է, ինչ երիտասարդ արվեստագետների համար դարձել են արվեստանոցներ. «Կառավարությունից կամ պետությունից ոչ մեկ անվճար ոչ մի բան ո՛չ սպասում է, ո՛չ էլ ուզում, ուղղակի պետք է տարածքներ տան, որ հստակ իմանաս, որ կոնկրետ ժամանակահատված այդ տարածքը քոնն է, թեկուզ վարձավճարով»,-ասում է Հարություն Հովսեփյանը, ով գեղարվեստի ակադեմիայի առաջին կուրսի ուսանող է: Արդեն երեք ամիս է, ինչ ընկերների հետ ստեղծագործում է այս տարածքում: «Եթե ստեղծագործող ես, քեզ դղյակներ պետք չեն. պետք է, որ լինի չորս հատ պատ: Ամեն վայրկյան խնդիր կա, որ էս շենքը կարող են քանդել: Դու էլ անընդհատ ստեղծագործում ես մտածելով՝ կարո՞ղ է վաղը գան հանեն»: Դժգոհում է` պետական աջակցություն չկա, որն էլ խոչնդոտում է առաջընթացին: «Իսկ մշակույթի նախարարը, նախարարությունը ինչ-որ նկարչի, գործողությունների մասնակցո՞ւմ է՝ ոչ: Երիտասարդ ստեղծագործողների հետ շփումը շատ քիչ է»: Խնդիրներից մեկն էլ համարում է անհատական ցուցահանդես կազմակերպելու ֆինանսական դժվարությունները: «Ես ասելիք ունեմ, ես ուզում եմ ցուցադրվեմ, բայց ասում են, որ այդ հնարավորությունը չունեմ: Ասում են՝վճարդ տուր, ներկայացիր: Իսկ ես այդ գումարը չունեմ»: Երիտասարդները ցավով հասկացել են, որ կ՛ամ պետք է փող աշխատես, կա՛մ՝ստեղծագործես: Իրենք ընտրել են ստեղծագործելը, եթե առաստաղը փուլ չգա: Ու քանի դեռ որեւէ արտակարգ դեպք չի գրանցվել մատիտներից բացի, թղթերին ջերմություն է տալիս նաեւ վառարանը, որի վրա պատրատվում է նաեւ կարտոֆիլից համեղ ուտեստը։