«Ոստիկանությունը որդեգրել է ստոր վարվելակերպ». ազատամարտիկ (տեսանյութ)
Օրինապահ ոստիկանին նվիրված երգի ելևեջների ներքո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր փորձեցին պաստառ փակցնել Օպերայի շենքի պատին, սակայն նրանց դիմավորեց ոստիկանական պատը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաստառ փակցնել թույլ չտալը հիմնավորեց Օպերայի տնօրինության դիրքորոշմամբ: «Հավաքի կազմակերպիչը մշտապես ասում էր, որ տօրինությունը տեղյակ է, սակայն երեկ մենք ականատես եղանք և տնօրինությունը հայտարարեց, որ նման համաձայնություն չի եղել ձեռքբերված»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Նոր Հայաստանի» ներկայացուցիչներին երեկ ևս չէր հաջողվել պաստառ փակցնել, քաշքշուկի արդյունքում վնասվածք էր ստացել ակտիվիստներից մեկը: Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ոստիկանության գործելակերպը հետևյալ կերպ է բնութագրում: «Ոստիկանությունը որդեգրել է մի ստոր վարվելակերպ, որը մի տեսակ վարձատրվում է ժողովրդի կողմից և ժողովրդի դեմ: Ուղղակի ոչ թե ծառայում են այլ նոքարություն են անում ոհմակապետին»: Իշխանափոխության հասնելու համար պետք է վայր դնել կուսակցական դրոշներն ու համախմբվել գաղափարի շուրջ: Ազատամարտիկն այդ օրը հեռու չի համարում: «Ձեռնոցն իրենք են նետել մենք էլ ընդունել ենք այն: Մեր պայքարը լինելու է մեր ժողովրդի կորած ժպիտը հետ բերելու, կորած իրավունքը հետ բերելու, վերջ դնելու անարխիզմին և թալանին»,- ասում է Պավլիկ Մանուկյանը: «Նոր Հայաստանը պայքարում է նաև քաղաքական բանտարկյալների ազատության համար: Ըստ նրա՝ բանտում գտնվող ազատամարտիկների մեծ մասը շինծու մեղադրանքներով են հայտնվել այնտեղ, իսկ ազատության մեջ գտնվողների պասիվությունն իր բացատրությունն ունի: «Ազնիվ մի ազատամարտիկների տեսակ կա, որ ընդհանրապես ոչ մի բանի չի խառնվում,հույսը կորցրել է, մի մաս էլկա,որ սպասում է այդ լավինայի օրվան, երբ սառույցը կպոկվի»,- նշեց ազատամարտիկը: