«Պարտադիր չէ մեծ գումար ունենալ գաղափարդ իրագործելու համար» (տեսանյութ)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենից արագ զարգացող ճյուղն է: Դրան կարող է նպաստել նոր ստեղծվող ՏՏ ընկերություններին հարկային արտոնություն տվող օրենքը: Microssoft ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Դավթյանը նշում է. «Նորաստեղծ սթարթափերը, որոնք ստեղծվել են երեք ամսվա ընթացքում, ազատվում են բոլոր հարկերից և նրանց եկամտահարկը կազմում է 10%, ինչը հնարավորություն է տալիս սթարթափին գումարը մի քիչ ավելի երկար ծախսել»: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տվյալներով` 2015թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրանցել է 20%-ոց աճ, ինչը, սակայն, միայն պետության աջակցությամբ չի կարելի պայմանավորել: «Պետությունը կարող է օգնել, սակայն սթարթափերն իրենք են իրենց հաջողության ստեղծելու շարժիչ ուժը: Եթե սթարթափերը չստեղծեն իրենց հաջողությունը, պետությունն ինչ էլ անի՝ նրանք չեն կարող հասնել հաջողության»,- ասում է նա: Microsoft-ի ինովացիոն կենտրոնը աջակցում է լավ գաղափարներ ունեցող թիմերին զարգանալ, դառնալ ոլորտում առաջատարներից: Պիկսարտ, ջումեգ, Շեդոմատիկ, Թիմիբըլ, GG տաքսի, արդեն հանրահռչակված հայկական այս ընկերությունները սկզբում չէին մտածում համաշխարհային ճանաչում ձեռք բերելու մասին: Արտաշես Դավթյանը նշում է. «Նրանցից ոչ մեկ գրպանում չի ունեցել 10, 20, 100 հազար դոլար սթարթափը սկսելուց առաջ, ուղղակի առաջին օրվանից շատ նպատակադրված փորձել են լուծել մի խնդիր, որը տեսել են»: Ինչպես աշխարհի զարգացող մյուս պետությունները, այնպես էլ Հայաստանը, հաճախ չի կարողանում պահել իր կադրերին Հայաստանում: Ուղեղների արտահոսքն այս ոլորտում պայմանավորված է գլոբալ զարգացումներով: «Պատկերացրեք՝ թվիթերը ծրագրավորողներ է վերցնում թույլ ընկերությունների, սրանք՝ իրենցից ավելի թույլերից, դրանք էլ՝ Գերմանական ընկերություններից, վերջիններս էլ հայկական աշխատողների են ներգրավում»: Երևան քաղաքի խնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով երիտասարդ ծրագրավորողների մի խումբ էլ ստեղծում է City Bugs նախագիծը: Այն անտարբեր չի թողել նաև արտասահմանցիներին: Նախագծի համահեղինակ Հովհաննես Աղաջանյանն ասում է. «Եվրոպայում և աշխարհում սթարթափերի անցկացվող մրցույթներում հաղթող ենք ճանաչվել: Դրանցից է The World Summit Youth Award-ը անցկացված Բրազիլիայում»: Զարգանալու համար թիմը խոչընդոտների չի հանդիպել, կարևոր է ունենալ գաղափար և այն իրագործելու մեծ ցանկություն: «Վատ գաղափարներ չկան, կա ուղղակի լավ աշխատել ու հասկանալ, թե այդ գաղափարն ում է պետք գալու, և որ պահին է պետք գալու»: Ի դեպ, հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է մոտ 400 ընկերություն, այստեղ ներգրավված մասնագետների թիվը 12000 է, մոտ 2000-ի չափ էլ թափուր աշխատատեղ կա: