Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ֆինանսական միջոցներով դժվարանում ենք ֆիլմեր ստեղծել». փոխնախարար (տեսանյութ)

Հասարակություն
mshakuyt

Մշակույթի նախարարությունն ամփոփում է 2015 թվականը: Արված գործերի եւ իրականացված միջոցառումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ ժամանակակից արվեստի ոլորտներում իրականացվել է 41 նախագիծ: Բացի այդ, այս տարի աշխատանքներ են իրականացվել հայ երաժշտարվեստի միջազգային ճանաչման ուղղությամբ: Փոխնախարարը կարեւորեց այն ծրագրերը, որոնք ուղղված են մանուկների մշակութային կրթության բարձրացմանը: Թատերարվեստի եւ կինոարվեստի ոլորտներում 2015 թվականին նույնպես զարգացումներ են եղել: Արթուր Պողոսյանի խոսքով՝ ընթացքում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երեւանի կամերային եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնների ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինման աշխատանքները: Կինոարվեստի ոլորտում իրականացված ծրագրերից փոխնախարարն առանձնացրեց հայկական ֆիլմերի թվայնացումը եւ կինոյի մասին օրենքի նախագծի մշակումը: «Մեր կինոարվեստի պետական ֆինանսավորումը եւ քաղաքական մոտեցումն այնպիսին է, որ մենք խրախուսում ենք համատեղ կինոարտադրությունը, որովհետեւ ինքներս մեր ֆինանսական միջոցներով դժվարանում ենք այս ոլորտում մեծակտավ գործեր ստեղծել, եւ օրենք այս ուղղությամբ, կարծում եմ, իր դրական ազդեցությունը կունենա»,-նշեց նա: Հարցին՝ ինչու է 2016 թվականի բյուջեով մշակույթի ոլորտի ֆինանսավորումը պակասել ավելի, քան 2014 թվականին էր, Արթուր Պողոսյանը նախ նշեց, որ չեն պակասել, ապա հավելեց. «Ընդհանուր առմամբ, մեր բյուջեն մնացել է նույնը՝ բացառությամբ Ցեղասպանության միջոցառումների: Սուբսիդայի պայմանագրեր են քչացել, իսկ մշակութային մասով, որն իր մեջ ներառում է պետական պատվերներ, ստեղծագործությունների ձեռքբերում, կինոարտադրություն, դա մնացել է նույնը»: