Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձյուդոն հենակետային սպորտաձեւ է Հայաստանում». Դավիթ Խիթարյան (տեսանյութ)

Սպորտ
sport-judo

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը համաձայն չէ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի այն տեսակետի հետ, որ ձյուդոն այլեւս հենակետային մարզաձեւ չէ հանրապետությունում, քանի որ մեր ձյուդոյիստներն այս տարի մեդալներ չեն նվաճել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում: «Ձյուդոն հենակետային սպորտաձեւ է Հայաստանում ոչ միայն իր արդյունքներով, այլեւ՝ մասսայականությամբ: Մենք շատ հաճախ շեշտը դնում ենք բարձր արդյունքների վրա: Բայց, ըստ իս, շատ ավելի կարեւոր է մեր մատաղ սերնդի դաստիարակությունը, առողջությունը, բանակում ծառայելու ժամանակ նրանց համապատասխան ֆիզպատրաստությունը: Իսկ ձյուդոն որպես մարզաձեւ լավագույնն է այդ խնդիրները կատարելու համար»,- այսօր կազմակերպված տարեվերջյան մամուլի ասուլիսում ասաց նա: Գնահատելով մեր ձյուդոյիստների ելույթները մրցաշրջան-2015-ում, ձյուդոյի միջազգային կարգի մրցավարը նշեց, որ այն բավարար կարելի է համարել: «Այս տարի մենք նվաճել ենք 33 մեդալ, բայց հիմնականում երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում: Սակայն 2015 թվականում մեր գերխնդիրն էր հաջող հանդես գալ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Հովհաննես Դավթյանն այս տարվա ընթացքում վարկանիշային աղյուսակում 45-րդ տեղից բարձրացել է 14-րդ հորիզոնական: Նրան շատ քիչ միավորներ են պակասում, որպեսզի դառնա 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից: Իսկ ահա Ժաննա Ստանկեւիչն ու Ֆերդինանդ Կարապետյանը պետք է հաջող հանդես գան գալիք տարում նախատեսված վարկանիշային մրցաշարերում եւ Եվրոպայի առաջնությունում, որպեսզի Ռիոյի խաղերի ուղեգիր նվաճեն», - պարզաբանեց Դավիթ Խիթարյանը: Մեր առաջատար ձյուդոյիստները նոր մրցաշրջանը կսկսեն հունվարի 6-ից, երբ կմասնակցեն Ավստրիայում անցկացվող միջազգային ուսհավաքին: Հետագայում հայաստանցի ձյուդոյիստներին սպասվում են լուրջ փորձություններ Կուբայի, Թբիլիսիի, Դյուսելդորֆի գրան պրիներում, Փարիզի Մեծ սաղավարտում եւ Եվրոպայի առաջնությունում: