Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումն ավարտվել է. թարմացված (տեսանյութ)
17.25 ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է. Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:
Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:
15. 33 ՀՀ նախագահը մեկնեց շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տնից. հայտնում է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ թվիրթերում
15. 13 Ավարտվեց համանախագահներն ու արտգործնախարարներ հետ հանդիպումը, Ալիեւը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ. հայտնում է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ թվիրթերում
14.23 Փակ դռների հետևում տեղի ունեցած՝ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև առանձնազրույցից հետո ներս հրավիրվեցին համանախագահներն ու արտգործնախարարները. այս մասին հայտնում է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ թվիրթերում
13. 45 Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Բեռնում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:
Լուսանկարները՝ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից
Հանդիպումից առաջ թվիթերում լուսանկար է տեղադրել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը
Տեսանյութերը՝ panorama.am -ի