Երեւանի «Դինամոն»` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Իրանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող Երեւանի «Դինամո» ակումբը զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մրցումների առաջին օրը մեր թիմը ուժերը չափել է Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ եւ առավելության հասել միեւնույն 8:0 հաշվով: Կիսաեզրափակիչում «Դինամոն» 7:1 հաշվով հաղթել է հունգարական թիմին: Եզրափակիչում «Դինամոն» մրցել է իրանական «Բիմեյե Ռազիի» հետ: Մեր ըմբիշները զիջել են 1:7 հաշվով եւ բավարարվել արծաթե մեդալներով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է իրանական «Փադիդե Դո-Քուհե» թիմը: Երեւանի «Դինամոն» առաջնությանը մասնակցել է այսպիսի կազմով. Նարեկ Խաչատրյան (59 կգ քաշային կարգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (130 կգ):