«Եթե մեր երկրում լիներ ոստիկանություն, խուժանը չէր ներթափանցի տեղամաս» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանն ամեն հարցում բացակա է, անգամ դեղերի շուկայի առումով: Պատճառն, ըստ նրա, եւ տնտեսական եւ քաղաքական մենաշնորհն է, որի արդյունքում հնարավոր չէ ընդունել որակյալ օրենքներ. «Այս օրենքը եւս անկատար է: Քանի որ դեղերի վաճառքը շատ եկամտաբեր է: Այն մոնոպոլիայի ձեռքում է, որն ինքն իրենով չի նահանջելու, քանի որ ԱԺ-ում էլ է ներկայացված ու ունենալով քաղաքական մենաշնորհ՝ իր պայմաններն էլ է դյուրին լինելու: Քանի դեռ կա մենաշնորհ, ոչ դեղերը կէժանան, ոչ էլ որակյալ կլինեն: Արդյունքում մեր համաքաղաքացիները դեղերը ձեռք են բերում արտերկրից, իսկ մեր երկիրը զրկվում է այդ եկամուտից: Օգտվում են օլիգարխները, տուժում՝ ՀՀ քաղաքացին»: Իրավիճակից դուրս գալու համար Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց ելքեր՝ համակարգային փոփոխություն քաղաքական համակարգում. «Համոզված եմ, որ քաղաքացիները ունեն գիտակցություն, որը իշխանություն է ու թեւեր, որոնց արդյունքում հանրությունը պետք է ինքնակարգավորվի, ստեղծի իր այլընտրանքային կառավարումը»: Այնուհետեւ նա նշեց՝ եթե մեր երկրում լիներ ոստիկանություն, ապա խուժանը չէր ներթափանցի տեղամաս ու չէր կեղծվի հանրաքվեն, իսկ Գյումրիի ռուսական ռազմաբազայում էլ չէր խոչընդոտվի ՀՀ քաղաքացիների մուտքը Պերմյակովի դատավարությանը. «ՀՀ-ն այսօր չունի նախագահ, դրա համար մենք պետք է մեր այլընտրանքային օղակները ստեղծենք ու մեզ պատկանող իշխանությունը ստեղծենք»: Տիկին Փոստանջյանը ներկայացրեց «Նոր Հայաստան փրկության ճակատ»-ի կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները. «Մեր ընդդիմադիր շարժումը երկու օր է՝ տարբեր մարզերում էր, այնտեղ անցկացրեց քաղաքացիական ժողովներ, որոնք տարբերվեցին նախորդներից. ՀՀԿ-ականների կողմից խուժանը ցանկանում էր մասնակից լինել ժողովներին: Նրան տրամադրվեց խոսքի իրավունք՝ հարգելով խոսքի ազատությունը: Նրանց հիմնական փաստարկն այն էր՝ ինչո՞ւ եք եկել մեր քաղաք: Ես, ծնված լինելով Երեւանում, ծնողներս եւս, պապերս՝ ոչ, սակայն ես որեւէ մեկին չեմ ասում՝ ինչո՞ւ ես եկել այստեղ. տեղական ռասիզմ էին փորձում բանեցնել, որը ապարդյուն էր: Վաղը եւ մյուս օրը «Նոր Հայաստանը» լինելու է Տավուշում, Վանաձորում ու Գյումրիում, իսկ վերջում Ազատության հրապարակում կլինի հարցուպատասխան»: «Ինձ թվաց, թե չեմ համբերի ու ես զարմացա, որ համբերությունս հաղթեց, ու ես մինչեւ վերջ լսեցի տիկնոջ խոսքը»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը սկսեց վիճել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: