Իշխան Զաքարյանը չարձագանքեց Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր Վերահսկիչ պալատի՝ 2014թ. հաշվետվության քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դահլիճ մտավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Իր եզրափակիչ ելույթում հատ առ հատ անդրադարձավ բոլոր պատգամավորների ելույթներին՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի: Պարոն Զաքարյանը հայտարարեց, որ իր կարծիքով, մասնագիտական առումով 2014թ. հաշվետվությունը շատ ավելի լավն է, քան նախորդ տարիներինը. «Եթե դիտարկենք՝ աշխարհի ՎՊ-ներում ինչ է կատարվում, ապա կտեսնենք, որ մեր եզրակացությունը գրեթե հարյուր տոկոսով մոտեցել է դրանց: Մենք էլ ենք ընթացքում փորձում սովորել... Մյուս տարվա ծրագրում մենք ունենալու ենք սոցիալական ծառայությունների վերահսկման թեմա»: Վերջում Իշխան Զաքարյանը հայտարարեց՝ թող այնպիսի տպավորություն չլինի, թե ՎՊ-ն ամեն ինչ չի կարող անել: Հարցի քննարկումը ավարտվեց, եւ ԱԺ-ն այն ընդունեց ի գիտություն: Իշխան Զաքարյանը շարունակում է մնալ ԱԺ դահլիճում: Ի դեպ, նրա ելույթի ընթացքում ներս մտավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը մի պահ դուրս էր եկել: