ՀՀ պետական խորհրդանիշերը կօգտագործվեն որպես համակարգչի ֆոն
ԱԺ-ում այսօր արտահերթ նիստին «ՀՀ Զինանշանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ պետական խորհրդանիշերը կօգտագործվեն հեռախոսների վրա՝ որպես ֆոն, համակարգիչների մոնիտորներին, կենցաղում, երբ կստեղծվի ու կտարածվի համապատասխան մթնոլորտ. «Այդ ժամանակ ավելի շատ կսիրեն ու կտարածեն իրենց սերը հանդեպ պետական խորհրդանիշների: Մշակույթի նախարարությունն այս առումով ունի անելիք կամ այնքան էլ լավ չի անում, ինչքան կարող էր կամ պետք է աներ»: Նա նաեւ ընդգծեց, որ մի մասնավոր անձ ցանկացել է Եռագույնը տեղադրել է իր տան վրա, սակայն պետական մարմիններն արգելել են՝ սպառնալով մի շարք պատժամիջոցներով. «Նրանք պատճառաբանել են, որ կա հստակ ցանկ, թե որտեղ պետք է տեղադրեն դրոշը ու հարկադրել են հանել այն: Նաեւ ուզում եմ իմանալ, թե այս օրենքն ինչպես կանդրադառնա արհեստի եւ արվեստի բնագավառի մարդկաց վրա, որոնց համար խորհրդանիշներ պատրաստելը նաեւ ապրուստի միջոց է: Օրինակ՝ դա վերաբերում է Վերնիսաժի տաղավարներում առեւտուր անողներին: Ի՞նչ պատժամիջոցների են ենթարկվելու նրանք»: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց՝ եթե չաղավաղեն ընդհանուր պատկերը, ապա որեւէ պատժամիջոց չի լինի: