«Թույլ չենք տալու, որ ռեժիմը մարսի կեղծված հանրաքվեն». Փոստանջյանը՝ ծրագրերի մասին
ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ երեսուն րոպե ընդմիջումից հետո «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակեց իր ելույթը: ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ երեք րոպե է տրամադրում պատգամավորին՝ ելույթի համար: «Շատ մի վախեցեք, մենք ձեզ այդքան ցավ չենք պատճառելու, ոնց որ դուք եք պատճառում»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ ավելացնելով. «Նոր Հայաստանը միջոցներ է ձեռնարկել, որ ազատվի այս ռեժիմից եւ հայտարարել գործողությունների շարք, որ իրականացնելու է մոտակա օրերին: Մենք լինելու ենք Կապանում եւ մեր անհնազանդություն ենք հայտնելու, Գորիսում երթ ենք անելու ընդդեմ Լիսկայի ու քաղաքացիների հետ ունենալու ենք հանդիպումներ, Սիսիանում եւ Եղեգնաձորում քաղաքացիական ժողովներ ենք անելու: Այս կեղծված հանրաքվեն թույլ չենք տալու, որ այս հանցավոր ռեժիմը մարսի: Ես այս մասին դեռ էլի եմ ելույթներ ունենալու»: Նրա ժամանակը սպառվեց եւ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ դեռ քսան վայրկյան էլ նվիրեց պատգամավորին. «Թեեւ դուք խոստացել էիք, որ չեք ասի այն, ինչ ձեր հանրահավաքներին չեք կարողանում ասել, սակայն ասացիք: Իսկ ինչ վերաբերում է ձեր կոչին՝ հարկեր չվճարելու, ուզում եմ ասել՝ եթե չվճարեն հարկեր, մենք բանակ ո՞նց ենք պահում, տատիկ-պապիկների թոշակները, աշխատավարձերը, իր աշխատավարձը ո՞նց ենք տալու: Դրա համար լավ կլինի, որ մտածեն, նոր խոսեն»: